Գործատուները չեն ցանկանում պահումներ կատարել
”Գործատուները շատ ուրախացել էին Սահմանադրական դատարանի որոշումից”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, միաժամանակ նշեց. ”Բայց Կառավարության որոշ ներկայացուցիչների այսօրվա ելույթները ցույց են տալիս, որ կարծես թե իրենք լրիվ ուրիշ կողմ են տանում այդ որոշումն ու չեն հարգում ՍԴ-ի որոշումը կամ պատճառաբանում են, որ օրենքը կասեցված չէ, գործում է, մենք էլ շարունակում ենք հոդվածները մշակել մինչև սեպտեմբերի 30-ը, այդ անվան տոկ կոչեր են հնչում, որ պիտի վճարեն, հակառակ դեպքում տույժ ու տուգանքների կենթարկեն”:
Մակարյանը պատարստվում է նամակ հղել պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար: Նամակները կհղվեն Կառավարությանը, գուցե և ՍԴ-ին ու Ազգային ժողովին: ”Ես չեմ գտնում, որ Կառավարության մեկնաբանությունը կարող է ամենաանկեղծը լինել, այդ պատճառով կարիք կա պաշտոնապես մեկնաբանություն ստանալու:
Մենք շարունակելու ենք պահանջել, ստանալ, մեկնաբանել ու պաշտպանել գործատուների շահերն, ու հասկանանք` ինչ է տեղի ունեցել”:
Մակարյանը հայտնեց, որ գործատուները տրամադրված չեն շարունակել վճարումներ կատարել, հակառակը ուզում են գումարները վերադարձնել, որոնք որ մինչև հիմա գանձել են: ”Իհարկե, խոսքը չի գնում այն մի քանի գործատուների մասին, որոնք ինչ ասում են, այն էլ անում են”:
Գործատուների հանրապետական միության նախագահը նկատեց նաև. ”Եթե ՍԴ-ը հատուկ երկակի ձևով է կայացրել իր որոշումը, թույլատրել է, որ մանիպուլյացիա անի Կառավարությունն, ուրեմն դա էլ պիտի հասկանալի լինի ու դրան էլ գնահատական տրվի, այդ կառույցի հանդեպ հարգանքը կամ հակառակ վերաբերմունքը հասկանալի լինի:
Եթե կարիք կա, այդ որոշումը բավարար չէ, ուրեմն թող ևս մեկ որոշում լինի, եթե բավարար է, Կառավարությունն է ոչ անկեղծ ձևով մեկնաբանում, մենք պետք է հասնենք նրան, որ պաշտոնական ձևով ստանանք, որովհետև ասեկոսեներով ու տարբեր տեսակետներով չի լինի, գործատուներն ու քաղաքացիները կընկնեն հարվածների տակ, ինչը մենք չենք ուզում”,-եզրափակեց Մակարյանը: