Երբ է Աստծո շնորհը լքում մարդուն
՚՚Վարք սրբոց՚-ում մի խորը պատմություն կա այն մասին, թե ինչպես հոգին բռնկող չարությունը կարող է մարդուն Աստծու շնորհից զրկել:
Նրա վարքը պատմում է այն մասին, որ ս.Նիկեփորոս վկան ապրել է Գ. դարի առաջին կեսին: Նիկեփորոսը մի ընկեր ուներ, որի անունը Սապրիկոս էր: Նրանք մտերիմ ընկերներ էին, շատ համերաշխ էին ապրում, բայց սատանան, որին մարդկանց միջև եղած խաղաղությունն ատելի է, նրանց հարաբերությունների մեջ բեկում մտցրեց: Սկզբում նրանք վիճեցին, այնուհետև չարությունը գնալով ավելի ու ավելի խորացավ և հասավ այն բանին, որ նրանք ոչ միայն իրար հետ խոսել, այլև իրար երեսի նայել անգամ չէին ուզում: Առաջինը Նիկեփորոսը գիտակցեց իր սխալը: Նա եկավ Սապրիկոսի մոտ և ասաց.
– Ես մեղավոր եմ քո առջև, ներիր ինձ, արի ապրենք առաջվա պես:
Բայց Սապրիկոսը չուզեց նրա հետ խոսել, և Նիկեփորոսը ստիպված եղավ վշտացած հեռանալ:
Որոշ ժամանակ անց Քրիստոնեական Եկեղեցին հալածանքի ենթարկվեց: Նրան ստիպում էին Քրիստոսին ուրանալ, բայց նա բոլոր տանջանքներին դիմացավ և չուրացավ:
Այն ժամանակ հեթանոսները նրան մահվան դատապարտեցին: Նիկեփորոսն իմացավ այդ մասին: Երբ Սապրիկոսին բանտի դարպասներից դուրս հանեցին, նա մոտեցավ, երկրպագեց և ասաց.
– Ով Քրիստոսի վկա, ես մեղավոր եմ քո առաջ, արի հաշտվենք:
Բայց Սապրիկոսի սրտում չարություն կար: Նա հիշեց իր հին վիրավորանքի մասին, թեքվեց ու շարունակեց ճանապարհը: Նիկեփորոսը նրա հետևից էր գնում: Մահապատժի վայր եկան և Նիկեփորոսը մոտեցավ նրան, երկրպագեց և ասաց.
– Ներիր…
Բայց Սապրիկոսը նորից նախկին վիրավորանքը հիշեց և չուզեց նայել նրան:
Աստծու շնորհը Սապրիկոսին օգնում էր կրել բանտի դժվարությունները, ուժ էր տալիս նրան Քրիստոսին չուրանալու համար: Բայց երբ Սապրիկոսը թույլ տվեց, որ իր սրտի մեջ չարություն մտնի, երբ հիշաչարությունը չվանեց, Աստծու շնորհը լքեց նրան: Տեսնելով դահճին ու մահվան գործիքը` նա հարցրեց.
– Ինչի՞ համար են ինձ ուզում սպանել, ի՞նչ են ինձանից ուզում:
Նրան պատասխանեցին.
– Որ դու Քրիստոսին ուրանաս:
Նիկեփորոսը մոտեցավ Սապրիկոսին ու ասաց.
– Դու ամեն ինչի դիմացար, բանտարկություն, տանջանքներ կրեցիր, միայն մահապատիժն է մնացել, և դու Երկնքում կլինես, ահավասիկ Քրիստոսին մի ուրացիր:
Բայց Աստծու շնորհն այլևս լքել էր Սապրիկոսին, քանի որ նրա սրտում չարություն կար, և նա հեթանոսներին ասաց.
– Ես ուրանում եմ Քրիստոսին;
Նա նահատակ էր, նա դիմացավ և բանտին, և չարչարանքներին, նա մահապատժի վայրում էր, նրա համար նահատակի պսակ էր արդեն պատրաստված, բայց քանի որ նա թույլ էր տվել, որ իր սրտում չարություն մտնի, Աստծու շնորհը լքեց նրան, քանզի այն չի կարող լինել մի սրտում, որի մեջ չարություն կա:
Այն ժամանակ Նիկեփորոսը դուրս եկավ հեթանոսների առաջ և ասաց.
– Ես քրիստոնյա եմ:
Առաջ նա դա գաղտնի էր պահում` հետապնդումից վախենալով, իսկ հիմա դրա մասին բարձրաձայն հայտարարեց և մահապատժի ենթարկվեց:
Ս.Եկեղեցին մեծարում է նրան` որպես վկայի:
Մերուժան Բաբաջանյանի հանրագրից