Հեղափոխությունը Սփյուռք չի՞ հասել
Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ վստահությունը պարզվում է Սփյուռքում այնքան մեծ չէ, որքան ջանում են ներկայացնել չէ: Այս մասին վկայում է նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքված գումարի չափը: Հիշեցնենք, նոր իշխանությունները հայտարարում էին, թե մեր սփյուռքահայ քույրերն ու եղբայրները կանգնած են իրենց թիկունքին եւ ներդրումների մեծ հոսք է լինելու պետականաշինության գործում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնի ընթացքում՝ մոյեմբերի 14-18-ը, Եվրոպայի հայությունը հանգանակել է, ընդհանուր առմամբ, 1 մլն 242 հազար 460 եվրո:
Մարաթոնն ընդգրկել է Ֆրանսիան, Շվեյցարիան, Գերմանիան, Հունաստանը։ Այստեղ ուշագրավն այն է, որ թեև հավաքագրումը մի փոքր ավելի է 2017 թվականից (1 մլն 230 հազար եվրո), բայց քիչ է նախորդ տարիներին հավաքագրվածից։ 2016-ին հանգանակվել էր 1.3 միլիոն եվրո, 2015-ին՝ 1.3 միլիոնից մի փոքր ավելի։
Հավելենք, որ թիվը դեռ միայն խոստման մասին է, ոչ թե վերջնական հավաքագրման։
Հայաստանում ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո բազմիցս նշվել է, որ Սփյուռքը պատրաստ կանգնած է բոլոր ոլորտներում ներդրում կատարելու համար։ Հեռախոսամարաթոնի լոգոն էլ փոխել էին ու ավելացրել «Նոր Հայաստան»-ը։
«Հեռախոսամարաթոն-2018-ի» գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արևային էներգիայի ներդրմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին: