«Քաղաքական սաբոտա՞ժ». ԱԺ-ում գրեթե բոլոր քվեարկությունները տապալվեցին
Ազգային ժողովում տապալվեցին 12 օրինագծերից 11-ի քվեարկությունները:
Բանն այն է, որ ԱԺ դահլիճում ներկա պատգամավորներից 1-2-ը չէին մասնակցում քվեարկություններին, ինչի հետեւանքով քվորում չէր ապահովվում: Մասնավորապես, քվեարկություններին չէր մասնակցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի տապալումից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց. « Գալուստ Գրիգորիչ, դուք չեք քվեարկո՞ւմ», ինչին Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ «ոչ»:
Չընդունվեցին նաեւ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերը:
«Վիճակախաղերի մասին» օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագիծը չքվեարկվեց, որովհետեւ օրինագծի նախաձեռնող ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյան հանեց այն քվեարկությունից:
Ընդունվեց միայն «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը վերաբերում էր արագաչափերի թիվը կրճատելուն, ճանապարհային կանոնների խախտման համար բալային համակարգ կիրառելուն:
Նկատենք, որ քվեարկություններից մեկից հետո ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն առաջարկեց վերաքվեարկություն անցկացնել, ինչին ԱԺ մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ եթե որեւէ պատգամավոր չի ասել, որ իր կոճակը չի աշխատել, որեւէ հիմք չկա վերաքվեարկության դնելու:
«Կարող է մարդը սկզբունքորեն որոշել է չքվեարկել, ես չեմ կարող ճնշել պատգամավորին, որ քվեարկի»,-իր հերթին նշեց Արա Բաբլոյանը:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ անընդունելի է գալ նստել դահլիճում եւ ԱԺ բնականոն ընթացքը խաթարել:
Նույն խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց. «Ես հորդորում եմ իմ գործընկերներին, որոնք հումորի համար եկել նստել են դահլիճում եւ կուզեն կքվեարկեն, կուզեն չեն քվեարկի, հասկանալ, որ այս պահին ՀՀ բոլոր կալանավայրերում հետեւում են այս նախագծի քվեարկությանը»:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր հերթին ասաց. «Երբ քաղաքական սաբոտաժի էլեմենտներ են նկատվում, հակառակ կողմն իրավունք ունի հորդորել, կոչ անել, որ ի շահ պետության այդ օրենքներն ընդունվեն»: