Թուրք-ադրբեջանական հեռահար պլանը. Սյունիք եւ Արցախ տանող մայրուղու նոր հատվածներ են հայտնվում թշնամու թիրախում. Իրավունք
Օրերս հերթական անգամ շրջանառության մեջ մտան այն խոսակցությունները, որ Ադրբեջանը շարունակում է կամաց-կամաց դիրքերն աոաջ բերել Նախիջեւանի սահմանին: Իսկ դա նշանակում է, որ աստիճանաբար հայաստանյան նորանոր տարածքներ եւ, հատկապես, դեպի Սյունիք եւ Արցախ տանող մայրուղու նոր հատվածներ են հայտնվում թշնամու թիրախում: Ինչ է դա նշանակում, թերթի հետ զրույցում հայտնի ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն, անդրադաոնալով սահմանային իրավիճակին, ասաց.
«Ճանապարհը կտրելու ամենահավանական հատվածը Տիգրանաշեն գյուղի տեղամասն է: Նախիջեւանի հետ սահմանի Արարատ-Վայք տեղամասը ռազմավարական առումով կարեւոր է թե մեզ, թե հակառակորդի համար: Այդ հատվածով մեր կողմից տեղ- տեղ սահմանից ընդամենը 1,5-3 կմ հեռավորությամբ անցնում է դեպի Սյունիք ու Արցախ տանող ճանապարհը: Իրենց կողմից՝ սահմանին մոտ գտնվող «Գայլի դրունք» կոչվող տեղամասով անցնում է Նախիջեւանը Թուրքիայի հետ կապող ճանապարհը, որը թուրքական աշխարհի հեռահար ծավալապաշտական նկրտումների համատեքստում հիրավի ռազմավարական նշանակություն ունի: Այն Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող միակ ճանապարհն է: Ըստ այդմ՝ Երասխ-Արենի հատվածում առկա զգալի լայնությամբ միջդիրքային տարածությունը կրճատելով եւ դիրքերն առաջ մղելով, թուրք- ադրբեջանական տանդեմը նախ ձգտում է ապահովել իր այդ ռազմավարական կոմունիկացիայի մոտակա թիկունքը, ապա նաեւ նպաստավոր դիրքեր զբաղեցնել լայնամասշտաբ ռազմագործողությունների դեպքում Սյունիք- Արցախ տանող ճանապարհը կտրելու համար: Դա մարտավարական նշանակության խնդիր է:
Ընդ որում, ամենայն հավանականությամբ այդ խնդրի կատարմանը թուրքական կողմը կներգրավի ոչ միայն հատուկ նշանակության ուժեր, այլեւ՝ ծայրահեղական իսլամիստների, ինչին նույնպես պետք է պատրաստ լինել: ճանապարհը կտրելու ամենահավանական հատվածը Տիգրանաշեն գյուղին հարող տեղամասն է: Այս ամենը մեր զինվորներին հայտնի է: Զուգահեռաբար, սակայն թշնամին, ինչպես տեսնում ենք, ստեղծում է նաեւ իրադրական բնույթի խնդիրներ մեզ համար՝ մեր խաղաղ բնակչությանը խանգարելով կատարել գյուղատնտեսական աշխատանքներ:
Տվյալ դեպքում կարեւոր է շեշտել հետեւյալը: Սյունիք եւ Արցախ տանող ճանապարհը կտրելու թուրք-ադրբեջանական պլանները տապալելու միակ տարբերակը՝ մեր ռազմաքաղաքական ղեկավարության հատուկ ուշադրությունն է սահմանի այդ տեղամասի հանդեպ: Տեղին է հիշեցնել, որ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի օրոք այդ հատուկ ուշադրությունը կար, ընդ որում, ոչ միայն ինժեներական աշխատանքներով սահմանն ամրապնդելու, այլեւ մոտակա բնակավայրերին աջակցելու առումով: Գիտակցելով այդ տեղամասի կարեւոր նշանակությունը երկրի պաշտպանության ապահովման գործում՝ Օհանյանն այն անվանում էր «երեւանյան դարպասներ»: Այստեղ հատկապես ցանկանում եմ ընդգծել նաեւ գեներալ- մայոր Կարեն Աբրահամյանի, իսկ ավելի վաղ՝ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի մեծ ավանդը սահմանի այս տեղամասն ամրապնդելու գործում: Հետայսու, կրկնում եմ, մեր ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրությունը սահմանի Երասխ-Արենի տեղամասի հանդեպ պետք է էլ ավելի ընդգծված լինի:
Եվ ուրեմն՝ հատկապես սահմանի Արարատ-Վայք տեղամասում հակառակորդի ցանկացած ակտիվություն, լինի մեր դիրքերի, թե խաղաղ բնակչության դեմ ուղղված կրակ, եւ կամ առավել եւս դիրքային առաջխաղացման փորձ, պետք է վճռականորեն ճնշվի: Հատկապես սահմանի այս տեղամասում մեր Զինված ուժերը չպետք է սահմանափակված լինեն հակառակորդին զսպելու միջոցների ընտրության հարցում: Սա պետք է լինի մեր ռազմաքաղաքական ղեկավարության սկզբունքային դիրքորոշումը: Սկսած հրաձգային կրակով հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշելուց, նոր դիրքերում հակառակորդին ամրանալ թույլ չտալուց, ընդհուպ մինչեւ՝ ականանետային կրակով հակառակորդի դիրքի ոչնչացում, իսկ անհրաժեշտության դեպքում, հատկապես խաղաղ բնակչության անվտանգության նկատառումներով պայմանավորված, մեր դիրքերի առաջ մղում, ահա առկա իրավիճակում ադրբեջանական ագրեսիային հակազդելու լայն տրամաբանական սահմանները, որի իրավունքը մենք մեզ պետք է վերապահենք:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: