Մենք կարձանագրենք, թե ինչպես են կառավարությունն ու վարչապետը մոլորության մեջ գցել մեր բնակիչներին. Աշոտյան
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունները վարչապետի ընտրություն չեն, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Ապագա վարչապետի թեկնածուն տեսանելի է, ակնհայտ է, որ լինելու է Նիկոլ Փաշինյանը կամ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված որևէ մեկ այլ անձ, որի վրա, գուցե, Փաշինյանը փորձի բարդել արդեն ակնհայտ դարձող սոցիալ-տնտեսական սնանկության ամբողջ բեռը, իսկ ինքը փորձի մնալ ստվերում ու կառավարել գործընթացը խորհրդարանից», – ասաց նա։
Արմեն Աշոտյանը նշեց, որ իրենք այս ընտրություններում գնում են քաղաքական ընդդիմություն դառնալու։
«Կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, որ մեր երկրին պետք է գիտակ, խելոք, ուժեղ ընդդիմություն, ձայն տալ ՀՀԿ-ին, մասնավորապես՝ ինձ», – ասաց նա։
Արմեն Աշոտյանը նշեց, որ հաջողություն է մաղթում բոլոր այն ուժերին, ովքեր ունակ են քաղաքական բովանդակություն ստեղծել։
«Այսօր մեր երկրում իշխանափոխությունից հետո քաղաքական բովանդակությունը հասցվել է զրոյի, քաղաքական պայքարը դարձել է անձնավորված վիրավորանքների, հետապնդումների, պիտակավորումների պայքար։ Դրա արդյունքը մենք տեսնում ենք, երբ կառավարությունը չի արձանագրում վեց ամսվա ընթացքում որևէ շոշափելի լուրջ արդյունք։ Երբ որ ասում էր՝ ՀՀԿ-ն «քըխ» է, մենք գալիս ենք իշխանության, մենք ձեզ կապահովենք շատ ավելի լավ կյանքով, շատ կարճ ժամանակահտվածում բյուջեն կավելացնենք 800 միլիոն դոլարից մինչև մեկ միլիարդ, 2019-ի բյուջետային քննարկումների ժամանակ մենք շատ ավելի մանրամասն կարձանագրենք, թե ինչպես են կառավարությունն ու վարչապետը մոլորության մեջ գցել մեր բնակիչներին՝ տալով շռնադալից խոստումներ ընտրություններից առաջ», – ասաց Աշոտյանը։
Նա շեշտեց՝ ՀՀԿ-ի գոյությունը խորհրդարանում պետք է, նախևառաջ, երկրի քաղաքական համակարգին։
Ըստ Արմեն Աշոտյանի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չպետք է լինի բացարձակ։
«Սա ասում եմ ելնելով նախևառաջ այն հանգամանքից, որ դրա մեջ շահագրգռված պետք է լինեն «Իմ քայլը» դաշինքի բոլոր այն մարդիկ, որոնք իրոք հավատում են, որ իշխանափոխությունը ժողովրդավարության համար էր», – ասաց նա։