23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրապետականն այսօր միակ ընդդիմությունն է. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

«Պատրաստվում ենք խորհրդի նիստին ամսի 11-ին և ամենայն հավանականությամբ կհայտարարենք ընտրություններին մասնակցելու մասին, որովհետև մեկ անգամ չէ, որ նշել եմ՝ քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություններին և այն էլ այնպիսի քաղաքական ուժը, որի հիմքում Աշոտ Նավասարդյանն է, ով եղել է անկախության մարտիկ, Անդրանիկ Մարգարյանն է, սպարապետ Վազգեն Սարգսյանը և, բնականաբար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը»,- թղթակցի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ նշել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա պնդում է, որ Հանրապետական կուսակցությունը ընտրություններին չմասնակցելու իրավունք չունի, քանի որ ունի համախոհների լուրջ բանակ: Ըստ նրա՝ քաղաքական դաշտում այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գրեթե բոլորը պաշտպանում են վարչապետ Փաշինյանին ու նրա ղեկավարած քաղաքական ուժը, սակայն, որպես ժողովրդավարական երկիր, Հայաստանին պետք է նաև ապահովել այլակարծություն ու բազմակարծություն, իսկ այդ այլակարծություն ապահովող ուժը, ըստ Շարմազանովի, հենց Հանրապետականն է:

«Ուզենք թե չուզենք, այսօր կա երկու բևեռ: Շատ մեծ բևեռ Փաշինյան և շատ փոքր բևեռ Շարմազանով, Վիգեն Սարգսյան և Հանրապետական կուսակցություն: Պետությանը, ժողովրդավարությանը պետք է իրական այլընտրանք և այդ այլընտրանքը այսօր մենք ենք, որովհետև այս ամիսների ընթացքում որևէ քաղաքական խորհրդարանական ուժ և նաև արտախորհրդարանական գլոբալ առումով, բացառությամբ մեկ երկու դեպք՝ Դաշնակցության, որևէ քննադատություն փաստարկված և ծրագրային չեն արել Փաշինյանի կառավարությանը»,- նշել է Շարմազանովը՝ ավելացնելով, որ Հանրապետականն ընդունում է նախկինում գործած սխալներն ու փորձում որպես ինքնամաքրված ուժ նոր թափով պայքարել քաղաքական դաշտում իր տեղն ունենալու համար:

Շարմազանովը հորդորել է իշխանություններին ընտրությունները կազմակերպել բացառապես ազատության, բազմակարծության և այլընտրանքի մթնոլորտում:

Ընտրական օրենսգիրքը տապալելու հարցում Հանրապետականին մեղադրող «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն այսօր պնդում են, որ Հանրապետականն ունի ռեյտինգային թեկնածուների պակաս. SHANTNEWS.am-ի թղթակցի այս հարցին Շարմազանովը արձագանքել է, որ լուրջ չի վերաբերվում այդ կուսակցության իր գործընկերների նման հայտարարություններին:

«Երբ մենք էինք իշխանությունում, մեկ տոկոս գնաճ էր լինում, մեր սիրելի գործընկերները խոսում էին՝ էս ինչ եք անում, գնաճ եղավ, միսը թանկացավ, միսը եռակի թանկացել է , առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են, աշխատատեղերը փակվում են, որևէ ներդրում չկա: Երբ ՔՊ-ն դրանից չի խոսում, ինձ համար պարզ է, որովհետև մարդիկ իշխանություն են, հո՞ չեն կանգնելու, ասեն՝ վատ ենք աշխատել, բա այդ ընդդիմադիր կոչվող, երկրորդ-երրորդ տեղերի համար պայքարող ու Հանրապետականին քննադատող ուժերը, որ այդքան ժողովրդին շատ են սիրում, ո՞ւր են»,- արձագանքել է Շարմազանովը

Ինչ վերաբերվում է Հանրապետականի համամասնական ու տարածքային ցուցակների կազմմանը, ապա Շարմազանովը նշել է, որ շատ բան արդեն հստակեցված է, սակայն վերջնական տեղեկությունները կներկայացնեն քննարկումներից հետո:

Լուրերը, թե Հանրապետականի ցուցակը հնարավոր է՝ գլխավորի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Շարմազանովը չի բացառել:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ