Կես տարվա ընթացքում չի հայտնաբերվել գեթ մեկ գործարար, որը հետ կպահանջեր իր բիզնեսի 50 տոկոսը. Առավոտ
Վերջերս հաճախ եմ նկատում, որ սեփական, ինքնուրույն կարծիք ունեցող մարդիկ չեն ցանկանում իրենց տեսակետը հրապարակավ արտահայտել: «Վախենում եմ, որ ամբոխը վրա կտա»,- արդարանում են նրանք: «Ամբոխը» տվյալ դեպքում համսսցանցային տարածքում է եւ միահամուռ կերպով հաձակվում է, պիտակավորում է այն մարդուն, որը թեկուզ կես միլիմետր շեղվում է «ուղղափառ-հեղափոխական» դոգմաներից: Բայց ես լռելու այդ հիմնավորումը չեմ ընդունում:
Ավելին՝ ինձ համար «ամբոխ» հասկացությունը գոյություն չունի: Կան անհատներ, որոնք ունեն իրենց տեսակետները, մոտեցումները՝ սեփական կրթական մակարդակի եւ արժեքային համակարգի շրջանակներում: Մարդիկ կարող են սխալվել, կարող են պատրանքներ ունենալ, այդ թվում նաեւ՝ զանգվածային: Օրինակ՝ «Հայաստանը բավականաչափ էլեկտրաէներգիա էր արտադրում, բայց Լեւոնը հոսանքը «զեմլյա» էր տալիս, որպեսզի ժողովրդին չտա ու նրան ցրտի-մթի մեջ պահի»: Քանի տասնյակ հազար մարդ էր հավատում այդ հեքիաթին:
Այն փաստը, որ դա առասպել է, դեռ չի նշանակում, որ Տեր-Պետրոսյանը որպես նախագահ ոչ մի դատապարտելի քայլ չի արել, բայց այս մի մեղադրանքը սուտ է, անհեթեթ, ֆիզիկայի օրենքներին հակասող: Սակայն մարդիկ ուզում էին դրան հավատալ, որովհետեւ պահանջարկ ունեին ինչ-որ մեկին անձնապես պատասխանատու ճանաչելու՝ իրենց մրսելու եւ խավարի մեջ նստելու համար: Արդյոք պե՞տք է պատրանքներով ապրող այդ մարդկանց «ամբոխ» անվանել: Ինձ թվում է՝ դա սխալ է:
Կամ՝ «Սաշիկը սաղ բիզնեսների մեջ 50 տոկոսով մտնում էր»: Կես տարվա ընթացքում չի հայտնաբերվել գեթ մեկ գործարար, որը հետ կպահանջեր իր բիզնեսի 50 տոկոսը: Եթե գործարարը Սաշիկի պատճառով կորցրել է իր կարողության կեսը, ապա նա առնվազն անմեղսունակ պետք է լինի, որ չօգտվի հեղափոխության ընձեռած հնարավորությունից եւ չփորձի վերադարձնել իր կորցրածը: Դա չի նշանակում, որ տվյալ անձնավորությունը օրինական ձեւով է հարստացել, բայց կոնկրետ այս՝ «50 տոկոսի պատմության» որեւէ փաստացի ապացույց առայժմ չի ներկայացվել:
Քանի որ այս մի հեքիաթը ի տարբերություն աոաջին նախագահի «զեմլյա տալու» առասպելի համեմատաբար թարմ է, հավանաբար կգտնվեն ինձ հետ վիճողներ, գուցե՝ ինձ պիտակավորողներ: Ի՜՞նչ է, նրանց ամբոխ անվանեմ ու լռեմ: Կարծում եմ՝ այդպես պետք չէ վարվել: Ոչ վախենալ է պետք հասարակական կարծիքից, ոչ էլ վեճի բռնվել դրա կրողների հետ: Այո, մարդիկ պատրանքներ ունեն: Իսկ ես չունե՞մ: Իսկ մնացած 7 միլիարդ մարդկությո՞ւնը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: