Մի կարդացեք քոմենթները. Արզումանյանը՝ Արփինե Հովհաննիսյանին
ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը չի կարծում, որ ոլորտի կարգավորման որևէ կարիք կա: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ-ում ՛՛Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում, առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: ՛՛Սա պանդորայի արկղի հետ խաղալու ինչ-որ առաջին քայլ է և շատ վտանգավոր զարգացումների կարող է բերել: Ընդհանրապես՝ պետք չէ կպնել այս ոլորտին, մանավանդ՝ համացանցին, որ ստիպում է ամբողջ միջազգային իրավունքի ողջ կոնցեպտը վերանայել՛՛,-նկատեց նա:
Արզումյանն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում վերանայում են այս օրենքները, և հարկ է սպասել, տեսնել՝ միջազգային կոնվենցիաներ կլինեն: ՛՛Վստահ եմ, որ կկարգավորվի, ոլորտում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում, և հաճախ դրանք ավելի արագ են ընթանում, մինչև մենք այստեղ քննարկենք, նոր մի տեխնոլոգիա ի հայտ կգա՛՛:
Արզումանյանը համաձայն է հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանի կողմից բերված օրինակների հետ, սակայն. ՛՛Քանի որ մաքսային ենք մտնում, ռուսերենով մի ասացվածք ասեմ՝ что русскому хорошо, то немцу смерть… շատ դեպքերում մենք օրինակներ ենք վերցնում, հա ԱՄՆ-ում հազար ու մի բան կա, Յուտա նահանգում կետերի որսը արգելված է, բայց մարդիկ դեպի օվկիանոս ելք չունեն, կետ չեն կարող տեսնել, որ որսան, Փենսիլվանիա նահանգում այսօր էլ գործում է օրենքը, որ եկեղեցի առանց զենք չես կարող գնալ, մուտքը արգելվում է, դա ինքնապաշտպանության բանով է գնացել հնդկացիների համար: Օրինակներ շատ կան, բայց հասկացեք, որ շատ վտանգավոր տեղ եք, սա չի մարսվելու, մենք մտնում ենք մի ոլորտ, որ վերահսկելն անհնար է: Պատկերացրեք՝ մի չինացի մեկնաբանություն է գրում կայքում չինարենով, որ ասենք Սարիբեկյան պատգամավորը գիժ է, հիմա ի՞նչ անենք, ընգնենք գտնենք էդ չինացո՞ւն… Աշխարհը փոխվել է, գլոբալ աշխարհ կա, էսօր չի կարելի՛՛:
Ապա նա հորդորեց. ՛՛Հասկանում եմ՝ բոլորիս էլ վիրավորել կարող են, մի կարդացեք քոմենթները՛՛: