Հայաստանը չի հետևի Ռուսաստանի օրինակին
‘’Մաքսային միությունը, որպես ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է նաև մարդկային կապիտալի ազատ տեղաշարժ, և այդ ամենը հնարավոր չի պատկերացնել առանց կրթության ոլորտում համապատասխան իրավական լուծումների՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչ փոփոխություններ են լինելու կրթության ոլորտում Մաքսային միությանն անդամակցելուց հետո, ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Վերջինս, սակայն, հայտարարեց, որ Ռուսաստանի օրինակով 11-ամյա կրթական համակարգին անցում չի կատարվի: ՛՛Հայաստանն անցավ 12-ամյա կրթությանը 2005-ին։ Շատ երկար ճանապարհ ենք անցել և շատ մոտ ենք այդ համակարգի կայացմանը, ուստի նպատակահարմար չենք համարի հանրակրթության ժամանակահատվածի երկարության փոփոխությունը:
Ինչպես 11-ամյա կրթությունը, որն այսօր կա ՌԴ-ում, այնպես էլ 12-ամյա կրթությունը, որ կա Հայաստանում, երկու երկրներում փոխճանաչված են, և հետագայում կրթությունը շարունակելու հետ կապված որևէ խնդիր ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Հայաստանի դպրոցների շրջանավարտները երկու երկրներում չեն ունենա, ուստի 11-ամյա կրթության նպատակահարմարություն այստեղ ևս բացարձակապես չկա՛՛,-հավելեց նախարարը:
Խոսելով ՄՄ անդամ երկրների կրթական համակարգի ընդհանրության մասին՝ Աշոտյանը շեշտեց, որ ինչպես Հայաստանն, այնպես էլ Ռուսաստանը և Ղազախստանը համարվում են Բոլոնիայի գործընթացի անդամ երկրներ, իսկ Բելառուսը երկու անգամ դիմել և մերժվել է, բայց, որքանով ինքն է տեղյակ, նորից է պատրաստվում դիմել։ Այսինքն՝ այդ չորս երկրները Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մաս են կազմում, ինչպես նաև ԱՊՀ կրթական պայմանագրերով փոխկապակցված են:
՛՛Եվրոպական փորձը մեզ համար շատ կարևոր է, որովհետև Հայաստանը ոչ միայն անդամ է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի, այլև 2012-2015 թվականը ԵԲԿՏ քարտուղար երկիր է և կոորդինացնում է բարեփոխումները ողջ եվրոպական տարածքում, ուստի այդ փորձը պիտանի, կարևոր և արդյունավետ”: