Փաշինյանը գլխատում է յուրայիններին ու «Ծռերին ». Հրապարակ
Նոր Ընտրական օրենսգիրքը չընդունվեց, եւ դրանից ելնելով՝ քաղաքական ուժերը դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների են գնալու գործող օրենսգրքով:
Տեղի ունեցածը մի փոքր անհավատալի է թվում: Այդ ինչպես է, որ 6-րդ գումարման խորհրդարանը գտնվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրպանում, ու դժվար թե պատգամավորները համարձակվեին «արկածախնդրության» դիմել՝ դեռեւս չհաղթահարած հոկտեմբերի 2-ի արկածախնդրության ծանր հետեւանքները:
Այդ օրը ՀՀԿ-ն պարզապես ջախջախվեց ու չէր կարող նորից ընթանալ ոչնչանալու ճանապարհով: Տպավորությունն այնպիսին է, որ հենց Փաշինյանը հակված չէր նոր ԸՕ-ի ընդունմանն ու դրա համար էլ գործընթացը թողեց ինքնահոս վիճակում՝ անուղղակիորեն առավելությունը տալով գործող օրենսգրքին: Հարց է առաջանում’ ինչու, չէ որ ամիսներ շարունակ մի ամբողջ թիմ, առանց շունչ քաշելու, աշխատել էր նոր ԸՕ-ի նախագիծը ժամանակին ավարտելու ու ներկայացնելու համար: Բանն այն է, որ այս արհեստական ու թվացյալ պարտության միջոցով վարչապետը կարողանում է մի քանի նապաստակ խոցել ու հայտնվել շատ ավելի շահեկան դիրքերում:
Նախապատվությունը տալով հին ընտրակարգին՝ Փաշինյանն առաջին հերթին ծանր հարված հասցրեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ու դրա համակիրներին, որոնք բազմանում են աննախադեպ թվերով: Հարվածի առաջին հասցեատերն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էր, որն էլ հենց վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխման հանձնաժողովի նախագահն էր ու փաստացի քաղաքական պատասխանատվություն էր կրում գործընթացի բարեհաջող ավարտի համար:
Փաստորեն, այս քայլով վարչապետն էականորեն թուլացրեց Միրզոյանի դիրքերը թիմի ներսում, քանի որ առաջին փոխվարչապետի առաջնորդած գործընթացը ձախողվեց, իսկ մյուս կողմից էլ՝ Միրզոյանն այլեւս հնարավորություն չի ունենա իր կողմնակիցներին ներառել համամասնական ցուցակում՝ ապահովելով յուրայինների ներկայացվածությունը խորհրդարանում: Յուրային կոչվածները ռեյտինգային մրցապայքարում մրցակցությունից դուրս են:
Կառավարությանն ու վարչապետին քննադատող Դանիել Իոաննիսյանը վստահաբար խոսում էր ոչ միայն իր անունից: Լինելով առավել անկաշկանդ դիրքերում՝ հանձնաժողովի քարտուղարը տեղ էր հասցնում նաեւ Փաշինյանի որոշ թիմակիցների դժգոհության նոտան: Բացի այդ, համամասնական ցուցակում ներառվելու համար ՔՊ-ի ներսում սուր պայքար էր սկսվել: Կա հավակնորդների մի մեծ բանակ եւ Փաշինյանը չէր կարող որեւէ կերպ բավարարել բոլորի հավակնությունները: Մերժվելու դեպքում մի մասը մեկուսանալու էր՝ դառնալով ազդեցիկ ընդդիմություն, իսկ խորհրդարան անցածներն էլ տարանձատվելու էին կլանների՝ խնդիրներ առաջացնելով կառավարություն-խորհրդարան փոխհարաբերություններում:
Այսինքն՝ Փաշինյանը գլխատեց իր քաղաքական թիմն ու դրա առանձին միավորների հավակնությունները: Հիմա արդեն ցուցակներում կընդգրկվեն միայն նրանք, որոնք ռեյտինգային ընտրապայքրի համմար ռեսուրսներ ու լծակներ կունենան՝ հիմնականում կուսակցության մարզային ներկայացուցիչներն ու համագործակցության պատրաստկամություն հայտնածները: Այսպես իրավիճակն ավելի վերահսկելի ու կանխատեսելի կլինի:
Մյուս «նապաստակն» ընդդիթյունն է կամ դրա դեռեւս ամբողջությամբ չձեւավորված առանձին միավորները: Կասկածից դուրս է, որ որ Փաշինյանին շատ ավելի հեշտ է աշխատել ԲՀԿ-ի ու Ծառուկյանի, քան «Սասնա ծռեր» կուսակցության ու քաղաքացիական անվերահսկելի հասարակության հետ: Այսպիսով, Փաշինյանը նախապատվությունը տվեց ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ի նախկին ռեյտինգայիններին, որոնք պատրաստ են աշխատել «ՔՊ»-ի համար, բայց արդեն օրենքի գերակայությամբ ու այդ դաշտում:
Այսինքն՝ նոր օրենսգրքի չըդունումը լրջագույն հարված Էր նաեւ «ծռերին» ու քաղհասարակությանը, որոնք նույնպես հականություններ ունեն խորհրդարան մտնելու ու լուրջ ընդդիմություն դառնալու: Հասկանում եք Փաշինյանին պետք չեն այդ անվերահսկելի տարրերը, դրանք լուրջ խնդիրներ կարոզ են առաջացնել: Դևա փոխարեն կարելի է խաղադրույքը դնել վերահսկելի ուժերի վրա: Փաստորեն, Փաշինյանը գլխատում է նաեւ խորհրդարանում լուրջ ընդդիմություն ունենալու հեռանկարը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: