28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հայր մեր» աղոթքի մեկնաբանությունը

«Հայր մեր» աղոթքի կարճ մեկնաբանություն¸ քանզի առանց հասկանալու աղոթքը մինչև առաստաղն է հասնում…

«Տերունական աղոթք»-ը բաղկացած է տասը խոսքից:

Առաջին խոսքը – Հայր մեր, որ երկնքում ես. Աստծուն «Հայր» կոչելը մեծագույն պարգև է մարդու համար: Քրիստոնյաների համար Աստված Հայր է, որովհետև մենք կերպարանակից եղանք Աստծուն`Միածին Որդու պատկերին: Իսկ «Հայր մեր» է ասվում, և ոչ թե` «Հայր իմ», որպեսզի երևա բոլոր քրիստոնյանների միությունը: Եվ ընդհանրական աղոթքն ավելի լսելի է:

Երկրորդ խոսքը – Թող Սուրբ լինի անունը քո. Սա նշանակում է, որ Իր անվան սրբարար զորությունը մեզ վրա էլ լինի, որպեսզի մեզ սրբի բոլոր մեղքերից: Քրիստոնյա ենք կոչվում և հավատով սուրբ ենք, մեր գործերով էլ մեզ սուրբ արա:

Երրորդ խոսք – Թող քո արքայությունը գա. Աստծու արքայությունն ենք խնդրում, որպեսզի մեզ փրկի խավարի իշխանությունից, և Ինքը թագավորի մեր սրտում, ոչ թե մեղքը:

Չորրորդ խոսք – Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է. Երկնքում հրեշտակները և երկնային բոլոր զորությունները Աստծու կամքն են կատարում, իսկ մարդը հաճախ իր ինքնիշխան կամքով հեռանում է Աստծուց և մեղքերի մեջ ընկնում: Այս խոսքով խնդրում ենք, որ մարդիկ էլ Աստծու կամքը կատարեն: Աստծու կամքը մեղավորների դարձն է և հոգիների փրկությունը` մեղքի ու չարիքի բռնությունից:

Հինգերորդ խոսքը – Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր. քանի դեռ մարմնի մեջ ենք` կարիք ունենք կերակուրի, որը պահում է մարմնի կենդանությունը, որով հասկացվում է հարկավոր պետքեր` կերակուր, ըմպելիք, հագուստ: Մեր` այսինքն անհրաժեշտ և ոչ ավելին, մեր արդար վաստակը և ոչ օտարինը, ոչ անիրավմամբ ձեռք բերված: Այսօրվանն ենք խնդրում, իսկ վաղը իրենը կհոգա: Ու քանի որ քրիստոնյա ենք մկրտության ավազանից ծնված¸ ապա հոգևոր մեր Հորից երկնային Հացն ենք խնդրում¸ որ Հիսուսի Մարմինն ու Արյունն է սուրբ պատարագով սրբացած։

Վեցերորդ խոսքը – Ներիր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ. այս խոսքից իմացվում է, որ երբ մենք ներում ենք մարդուն, թողություն ենք ստանում Աստծուց: Այս խոսքը մի ուրիշ խոր իմաստ ունի. բոլոր բարի գործերը մենք Աստծուց ենք սովորում, իսկ այստեղ Նա Ինքն է մեզանից սովորում մարդասիրությունը: Եթե մենք չենք ներում, անիծում ենք մեզ, թե` ինչպես ես ուրիշներին չներեցի, դու էլ ինձ մի’ ներիր: Եվ ոխը սրտում պահելով` հեռանում ենք Աստծուց:

Յոթերորդ խոսքը – Մի’ տար փորձության. խոնարհություն է սովորեցնում. հանդուգն կերպով փորձության չգնալ, ինչպես նաև Աստծու օգնությունն ենք խնդրում նեղությունների և դժվարությունների մեջ:

Ութերորդ խոսք – Այլ փրկիր մեզ չարից. այսինքն ամեն մի չարից, նախ` սատանայից, երկրորդ` չար մարդկանցից, որոնք սատանայի արբանյակներն են, երրորդ` աշխարհի մեղավոր ցանկություններից, որովհետև դրանք թշնամություն են Աստծու նկատմամբ, չորրորդ` չար մեղքերից, դժոխքներից, չար մահից և մեր հոգու հավիտենական տանջանքից:

Իններորդ խոսք – Քոնն է թագավորությունը, զորությունը և փառքը հավիտյանս. այսինքն, երբ Նրանն է արքայությունը, ապա մենք մեղքից չենք վախենում, երբ Նրանն է զորությունը, ոչ ոք չի կարող հաղթել մեզ: Աստված ոչ միայն ազատում է մեզ բոլոր չարերից, այլև` հավիտենապես փառավորում:

Տասներորդ խոսքը – Ամեն. հաստատում է բոլոր խնդրվածները. ինչ որ խնդրեցինք, ճշմարիտ է, թող լինի:

«Տերունական աղոթք»-ը յոթ խնդրանք է պարունակում. երեքը` հոգևոր, չորսը` մարմնավոր: Չորս խնդրանքներն այստեղ և այժմ են կատարվում, իսկ երեքը հանդերձյալ կյանքում պիտի կատարվեն: Եվ որովհետև հոգին ավելի պատվական է, քան մարմինը, ապա նախ հոգևորն ենք խնդրում. սուրբ անունը, արքայությունը եւ Աստծու կամքի կատարումը, իսկ հետո խնդրում ենք մարմնավորը. հանապազօրյա հացը, թողությունը և մեղքերի փորձություններից ու չար պատուհասներից ազատելը: Եվ այս յոթ կարգի խնդրանքներից ավելի պետք չէ խնդրել, որովհետև բովանդակում են բոլոր խնդրանքները, որ օգուտ են հոգուն և մարմնին:

Գրիգոր Տաթևացի եռամեծ վարդապետի մեկնություններից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ