23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ են իշխանական թեւում իրար խառնվել ռեյտինգային ընտրակարգից

Ինչպես արդեն գիտենք Խորհրդարանում երկրորդ անգամ տապալվեց ՀՀ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը: Իսկ սա նշանակում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել հին օրենսգրքով, որը ենթադրում է նաև ռեյտինգային ընտրակարգ: 

«Ռեյտինգային ընտրակարգը» ընդամենը ընտրակարգ է, որը նախատեսված է գործող Ընտրական օրենսգրքով, որը նախօրեին փաստորեն մնաց անփոփոխ, ինչը նշանակում է, որ ԱԺ արագացված արտահերթ ընտրությունները այդ «հին» օրենսգրքով են անցկացվելու: Դրանից ոմանք, ըստ որում, իրենց համար էլ անակնկալ իշխանական թեւում հայտնված որոշ բազմակուսակցական կերպարներ, այնպես են հուզվել, որ քիչ է մնում հորդորես՝ կուսակիցները նրանց մի գավաթ սառը ջուր տան, խեղճերի ճնշումը չբարձրանա, դեմը ընտրարշավ կա։  

Ինչո՞ւ են ոմանք, հատկապես իշխանական թեւում կամ այդ «թեւին» հարող ու մերձակա քաղտարածքում, այսպես ասած, իրար խառնվել: Զուտ այն բանից, որ համամասնական ընտրակարգի շրջանակներում կուսակցությունները նաեւ տարածքային ցուցակներո՞վ են թեկնածուներ առաջադրելու:   

Բայց չէ՞ որ «իրար խառնվածների» մեծ մասն արդեն իսկ այդ ընտրակարգով մեկ անգամ մասնակցել է ընտրությունների: Կան անգամ ընտրվածներ: Ու այդ իմաստով «ռեյտինգայինը», կարելի է ասել, «փորձած թան է», որի բաղադրությանն ու նրբություններին հնարավորինս ծանոթ են սպասվող ընտրությունների բոլոր մասնակիցները:   

Խոսքն ինչի՞ մասին է առհասարակ: Ընդամենը մի բան՝ ընտրողը առաջադրված այս կամ այն կուսակցությանը ձայն տալուց կամ դրա օգտին քվեարկելուց հետո նույն կուսակցության տարածքային ցուցակով առաջադրվածների ցանկից կարող է ընտրել իր նախընտրած թեկնածուներից մեկնումեկին:   

Մինչդեռ, երբ լսում ես «ռեյտինգայինից» բողոքողներին, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մարդիկ կարող են քվեարկել մի կուսակցության օգտին, իսկ հետո, իրենց նախընտրած որեւէ թեկնածուի, անկախ նրանից, թե նա որ ուժի ցուցակում է: Այնինչ չկա նման բան: Ու դա դժվար չէ բացատրել ընտրողներին, մանավանդ որ մեկ տարի առաջ արդեն բացատրվել է:   

Մյուս կամ հիմնական մտավախությունը, որ հայտնում են «ռեյտինգայինից» բողոքողները, այն է, թե տեղերում, այսպես ասած, «լավ տղերքը» ընտրակաշառքով, «զոռով ու խաթրով» կստիպեն ընտրողներին, որ իրենց ու իրենց ներկայացրած կուսակցության օգտին քվեարկեն: Նման բան ասողները, ի դեպ, հիմնականում այն գործիչների շարքում են, որոնք շարունակ պնդում են, թե իրողություններ են փոխվել, թե իրենք ունեն «համազգային-համաժողովրդական վստահություն», եւ հենց դրանից ելնելով էլ, ոտով-ձեռով կողմ էին Աժ արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելուն:   

Խնդրեմ, նախկինում ՀՅԴ-ական, հիմա ՔՊ-ական, դեռ գործող ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ մասնավորապես հայտարարել է, թե ՀՀԿ-ն… «կփորձի օգտագործել իր քրեաօլիգարխիկ համակարգի մնացուկները եւ նրանց շնորհիվ ռեյտինգային ընտրակարգով ձայներ հավաքել ու ԱԺ-ում ներկայություն ունենալ: Նրանք նաեւ զուրկ չեն փողերից, իսկ շատ մեծ փողերի դեպքում նրանք տեսականորեն կարող են վիճակ փոխել: Այդ պատճառով ԱԱԾ-ն պետք է հնարավորինն անի հայտնաբերելու նմանատիպ օջախները՝ հետեւանքները նվազագույնի հասցնելու համար: Սա ազգային հավատարմության խնդիր է, հետեւաբար անվտանգության մարմինները ինչ-ինչ միտումների դեմն առնելու համար պետք է այսօրվանից աշխատանքներ իրականացնեն»:  

Իշխանական պատգամավորը փաստորեն հրահրում է, որ ԱԱԾ-ն խառնվի առաջիկա ընտրապայքարին: Ասենք, եթե ՀՀԿ-ն գնա որեւէ տեղ նախընտրական հանդիպման, ԱԱԾ աշխատակիցները պետք է արագորեն հասնեն այնտեղ, հետամուտ լինեն, թե ովքեր են մասնակցել ՀՀԿ նախընտրական հանդիպմանը, հետապնդեն քաղաքացիներին, «հրավիրեն զրույցի», ահաբեկեն, մի խոսքով:   

Կարճ ասած, պետական ապարատի տեռոր պետք է իրականացվի քաղաքական հնարավոր մրցակիցների դեմ, ըստ Հովիկ Աղազարյանի, մի բան էլ դա փաթեթավորելով «ազգային հավատարմության խնդիր» գերինքնատիպ արտահայտությամբ:   

Եթե բռնելու բաներ ունեին, ո՞վ է խանգարել բռնել մինչ օրս: Եթե ակնարկվում է ընտրակաշառքը, ապա ոստիկանությունը, նույն ԱԱԾ-ն, քննչական ու իրավապահ համակարգն ու «անհեռախոս» դատարաններն էլ չհաշված, Նիկոլ Փաշինյանի ու իր «Քաղպայմանագրի» տրամադրության ներքո են, կազմ-պատրաստ, ինչպես ասվում է, ու հրահանգվել է՝ «պառկեցնել ասֆալտներին», «ծեփել պատերին»:   

Իշխանասեր դարձած ԲՀԿ-ականների՝ Երեւանի ավագանու ընտրարշավի օրերին խուզարկված գրասենյակների ու ասֆալտին հայտնված թեկնածուների դեպքերը վկա: Ինչ-որ մեկը լրջորեն մտածում է, որ նման պայմաններում «թաղային հեղինակությունները» իշխանության դե՞մ են աշխատելու: Առավել եւս, որ քիչ չեն խոսակցությունները, թե այդ «հեղինակությունները» դեռ կաթսա զարկելու եւ «սիգնալ տալու» օրերից ծառայության են անցել կամ ձգտում են ծառայության անցնել, այսպես ասած, «նոր իշխանություններին»:    Մեկնումեկը ընտրակաշառքի կամ ընտրողների կամընտրության վրա ազդելու փորձ կանի՞, ի՞նչն է խանգարում, որ ժողովրդական ոստիկանությունն ու ժողովրդական ԱԱԾ-ն, ինչպես ասվում է՝ բռնեն ու պատժեն նման եղկելի սուբյեկտներին:   

Մեկ այլ հարց է ծագում, ի դեպ, այս «ռեյտինգայինի» հետ կապված: Իսկ հնարավո՞ր է, որ «Քաղպայմանագիրը», ի դեմս Հովիկ Աղազարյանի ու ոչ միայն նրա, այդ ընտրակարգից մտահոգվում է, որովհետեւ իրենք տարածքներում ներկայացնելու թեկնածուներ չունեն, չունեն այնպիսի կադրեր, որոնց նայելով՝ մարդ ցանկանար իրենց ընտրել: Որոշակի առումով դա խնդիր է, քանզի բազմաթիվ նոր ու նաեւ որոշ հին կերպարներ քաղաքական արենայում հայտնվել կամ վերահայտնվել են զուտ Նիկոլ Փաշինյանի այժմ ունեցած վարկանիշի հաշվին:    Այսինքն՝ կա հասարակական-քաղաքական գործընթացների ընթացիկ փուլում, պատմական այս ժամանակահատվածում շատ բարձր վարկանիշ ունեցող Փաշինյանը, եւ կան մի խումբ քաղաքականացված կերպարներ, որոնք այդ վարկանիշի շահառուներն են: Եթե նրանք առանց Փաշինյանի հանդես գան ժողովրդի առաջ, ապա հազիվ թե կարող են որեւէ հաջողության հույս ունենալ:   

Բայց նախօրեին, օրինակ, փաստորեն փլուզված «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում հայտարարեց, որ իրենք շատ լավ պատրաստ են ռեյտինգային ընտրակարգին: Ի՞նչն է խանգարում, որ մյուսներն էլ պատրաստ լինեն»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ