Հայոց ցեղասպանության մասին ներկայացումը իրարանցում է առաջացրել Գերմանիայում
Գերմանիայի Կոնստանց քաղաքի պետական թատրոնում օրերս կայացել է Էդգար Հիլզենրատի ”Հեքիաթ մահից առաջ” վեպի հիման վրա ներկայացումը: Վերջինս 1915-ի հայերի ցեղասպանության մասին է պատմում: Թուրք ծայրահեղականները պրեմիերայի նախօրեին թատրոնից զայրույթով պահանջել են չեղյալ հայտարարել այն` պատճառաբանելով, որ իրենց պատմության մեջ նման դեպքեր տեղի չեն ունեցել:
Բացի այդ, Կարլսրուե քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը խնդրել է ամեն ներկայացումից առաջ հանդիսատեսին տեղեկացնել, որ այդ տարիների իրադարձությունները տարբեր կերպ են մեկնաբանվում: Գերմանիայի կենտրոնական խորհրդի անդամ Սամվել Լուլուկյանի հաղորդմամբ, առաջին ցուցադրության օրը թատրոնի առջև թուրք ազգայնականները փողոցում ցույց են անցկացրել, որին մասնակցել է շուրջ հարյուր մարդ:
Ցուցարարների դժգոհության հիմանական պատճառը եղել է ներկայացման պաստառը, որում պատկերված է անծանոթ մարդ՝ ծածկված սպիտակ սավանով, (Հրանդ Դինք), իսկ վերևում թուրքական դրոշը: Տեքստում մեջբերված է Ռ. Էրդողանի խոսքը. ”Մեր պատմության մեջ ցեղասպանություն չի եղել”: Շաբաթվա ընթացքում թատրոնը բազմաթիվ նամակներ է ստացել։ Եվ ինչպես վստահեցնում է թատրոնի գլխավոր բեմադրիչ Թոմաս Շպիկերմանը`ամենատարբեր տոնայնությամբ։
”Առաջին անգամ մենք թատրոնում պրեմիերա ենք անելու ոստիկանական ուժերի պաշտպանության ներքո։ Հավատացեք, սա տարօրինակ զգացում է՝ հնարավոր չէ գուշակել, թե ինչ տեղի կունենա”,- ասել է Թ. Շպիկերմանը։ Թատրոնի վրա անգամ ճնշում է գործադրվել՝ ներկայացումը խաղացանկից հանելու պահանջով։
”Թուրք ծայրահեղականները միշտ են իրենց անճոռնի կերպարը ցույց տալիս, երբ բանը վերաբերվում է հայոց եղեռնին”,- ասում է ԳԿԽ նախագահ Նազարեթ Աղեգույանը: Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի հայկական համայնքն իր դժգոհությունն է հայտնել բողոqի ցույցի կապակցությամբ.
”Այն, որ Թուրքիան մինչեւ հիմա ժխտում է ցեղասպանության փաստը, վկայում է անտեղյակության մասին: Եթե այն նույնիսկ Գերմանիայում է պահանջում խեղաթյուրել պատմությունը, դա արդեն խելագարություն է: Մենք հետեւում ենք այստեղ պատմական ճշմարտության ու արվեստի ազատության դեմ մղվող անմիտ պայքարին”:
Ինչպես հաղորդում է ԳԿԽ խորհրդի անդամ Ս. Լուլուկյանը, ներկայացումը կայացել է, սակայն թատրոնի պաստառը հանվել է: Թատրոնի տնօրեն Քրիստոֆ Նիքսը պարզաբանել է ՝ “թուրքական համայնքի հանդեպ հարգանքից ելնելով”: Ս. Լուլուկյանը հայտնեց, որ իրենք շարունակելու են պայքարել թուրք ազգայնականների դեմ, քանի որ նրանք փորձում են խառնվել հայ-գերմանական հարաբերությունների մեջ և ապակայունացնել Գերմանիայի ներքին քաղաքական իրավիճակը:
Գայանե Առաքելյան