06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը՝ «մեծ խաղերի» թատերաբեմում

Այս տարվա օգոստոս ամսին ուժի մեջ մտան ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները,որոնք վերաբերում են Ռուսաստան այն ապրանքների ներկրմանը, որոնք կարող են կապված լինել ազգային անվտանգության հետ: Մասնավորապես՝ խոսքը էլեկտրական սարքավորումների և դրանց բաղադրիչների մասին է, այդ թվում՝ նաև նրանց, որոնք օգտագործվում են ավիացիայի ոլորտում: Բացի այդ, Ռուսաստանը պետք է երեք ամսվա ընթացքում ներկայացնի քիմիական զենք չօգտագործելու երաշխիքներ, ինչպես նաև համաձայնի միջազգային ստուգումների իրականացմանը, այլապես կբախվի պատժամիջոցների երկրորդ փաթեթին:

Արդեն սեպտեմբերի 20-ին դեպարտամենտի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ պատժամիջոցների  ցանկում ներառվեցին ևս 6 ընկերություններ, որոնք, ըստ Պետդեպի՝ առնչություն ունեն ՌԴ պաշտպանական ոլորտի և հատուկ ծառայությունների հետ:

Մի կողմ թողնելով կիրառվող պատժամիջոցների ռազամաքաղաքական կողմերը, պետք է  նշենք, որ գործողություններից յուրաքանչյուրն ազդում  է նաև մյուս ոլորտների վրա, և տնտեսությունը հանդես է գալիս՝ որպես այդ ազդակներն առաջիններից մեկն ընդունող:
Ցանկացած   իրավիճակի փոփոխության պարագայում առաջինն արձագանքում է տվյալ երկրի ֆինանսական շուկան: Բանն այն է, որ հատկապես զարգացած ֆինանսական շուկա ունեցող երկրներում ներդրողները բավականին արագ են արձագանքում փոփոխություններին, ավելին, շատ հաճախ ներդրողների արձագանքը ձևավորվում է սպասումների վրա, անգամ չսպասելով այս կամ այն գործընթացի կյանքի կոչվելուն:

Այս պարագայում անմիջապես նկատվում է սպեկուլյատիվ կապիտալի հոսք, որն էլ բերում է փոխարժեքի և այլ ֆինանսական ցուցանիշների անկման, ինչին մենք  առավել մանրամասն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում: Արդյունքում, վերջին շրջանում նկատվեց ռուբլու փոխարժեքի, ինչպես նաև մի շարք կազմակերպությունների բաժնետոմսերի գների անկում, ինչը, սակայն, Հայաստանում ֆինանսական համակարգի վրա էական ազդեցություն դեռևս չունեցավ: Սակայն միանշանակ պնդել, որ ազդեցությունների ալիքը Հայաստան չի հասնելու, և առաջիկայում, երբ ազդեցության ալիքը կհասնի ՌԴ  տնտեսության իրական հատվածին, աստիճանաբար այն կզգացվի նաև մեր տնտեսության մեջ: Ինչ վերաբերում է ռուբլու արժեզրկմանը, ապա Հայաստանի համար դրա բացասական հետևանքներին մենք ականատես կլինենք տարեվերջին, երբ ամփոփելու լինենք արտերկրից ստացվող տրանսֆերտների ցուցանիշները:

Անդրադառնալով առանձին կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, պետք է նշենք, որ դրանք շատ հաճախ ավելի էական վտանգներ են պարունակում: Խոսքը, իհարկե, գնում է խոշոր կազմակերպությունների մասին, մասնավորապես խոսվում է ԱՄՆ-ի կողմից «Աերոֆլոտ» ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, ինքնաթիռների և դրանց պահեստամասերի վաճառքը դադարեցնելու մասին: Այս պատժամիջոցի ուժի մեջ մտնելն էապես կազդի՝ ինչպես ՌԴ ավիափոխադրումների, այնպես էլ՝ մեր երկրի վրա:

Ինչպես գիտենք, Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող, և մեր երկրից իրականացվող թռիչքների աշխարհագրությունն այնքան էլ մեծ չէ: Շատ հաճախ քաղաքացիներն արտասահմանյան երկիր այցելելու ժամանակ օգտվում են «Աերոֆլոտի» ծառայություններից՝ որպես միջանկյալ կանգառ ընտրելով Մոսկվան, և այս կազմակերպության աշխատանքի կասեցումն էապես կազդի՝ ինչպես ուղևորահոսքի, այնպես էլ՝ ավիատոմսերի գների վրա, որոնք առանց այն էլ մեր երկրում աչքի չեն ընկնում էժանությամբ:

Հայաստանի տնտեսության համար հնարավոր սպառնալիք կարող են հանդիսանալ նաև Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները: Ինչպես գիտենք, Իրանը ևս գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ալիքի տակ, ինչով պայմանավորված՝ խնդիրների է հանդիպում նավթի արդյունահանման հետ կապված: Արդյունքում՝ արդեն սեպտեմբեր ամսին նավթի համաշխարհային շուկայում սկսեց նկատվել   գների բարձրացում: Հայաստանը չունենալով սեփական վառելիքային ռեսուրսներ՝ մշտապես ներմուծում է դրանք, իսկ նավթի գների բարձրացումն ինքնըստինքյան բերելու է նաև կիրառվող վառելիքի՝ բենզինի և դիզելային վառելիքի, գների բարձրացման: Վերջինս մշտապես եղել է մեր երկրի տնտեսության համար սպառնալիք, և չի բացառվում, որ առաջիկայում ևս նման խնդրի առաջ կանգնենք:

Ամփոփելով սահմանված պատժամիջոցների հնարավոր ազդեցությունների վերաբերյալ վերլուծությունը, կարող ենք եզրակացնել, որ, թեև այս փուլում Հայաստանի տնտեսության համար էական ազդեցությունները դեռևս բացակայում են, այնուհանդերձ առկա են բավականին շատ ռիսկեր՝  մոտ ապագայում բացասական ազդակներ ստանալու համար: Ազդեցությունների շղթան մեր երկիրը կզգա ավելի ուշ, երբ պատժամիջոցները լուրջ փոփոխություններ առաջացնեն միջազգային գործընկեր երկրների տնտեսական համակարգերում:

Եվ այստեղ շատ կարևոր է իշխանության կողմից վարվող ճիշտ դիվանագիտությունը, որը միտված կլինի դիվանագիտական կապերի միջոցով մեր երկրին վերաբերող գործարքները հնարավորինս ֆիլտրել խոշոր տերությունների առճակատման թատերաբեմից: Հակառակ դեպքում Հայաստանը հայտնվելու է խոշորների առճակատման կիզակետում, որտեղ աջակցության փոխարեն՝ երկուստեք հարվածներ է ստանալու: Դրանից բացի, խիստ կարևոր է նաև   սպասվելիք հնարավոր զարգացումների համար  տնտեսության   դիմադրողականությունը բարձրացնելը, որպեսզի եթե չկարողանանք բացառել ցնցումները, գոնե նվազեցնենք այդ ցնցումների արդյունքում սպասվող կորուստները:

ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ