Անվստահությամբ տիրապետված ներկայիս քաղաքական մշակույթը պետք է տեղի տա փոխադարձ սիրո մշակույթին. Արամ Ա
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված ուղերձ է հղել։
«Մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Սփյուռքը անտարբեր վիճակում չի կարող մնալ: Սփյուքը Հայաստանի անանջատելի մասն է կազմում: Այն անելիք ու ասելիք ունի հայրենիքի դիմագրավող մարտահրավերների ու տագնապների նկատմամբ:
Հայրենիքի ընդհանրական, մնայուն ու գերագույն շահերը պետք է վեր դասել անհատական կամ կուսակցական, կողմնակի կամ ժամանակավոր շահերից: Հայրենիքն ամեն գնով, հարկ եղած դեպքում փոխադարձ զիջումներով, պետք է հեռու պահել ներքին վայրիվերումներից ու վտանգավոր կացություններից:
Փոխադարձ ապստամբություններով, արհամարհանքով ու անվստահությամբ տիրապետված ներկայիս քաղաքական մշակույթը պետք է տեղի տա փոխադարձ սիրո, հանդուրժողականության, հարգանքի մշակույթին, ինչպես նաև բաժանարար մոտեցումները՝ միարար մտածողության ու հավաքական որոշումների դիմաց:
451-ին, բաժան-բաժան դարձած մեր ժողովուրդը, միասնական ոգով ու «վասն հայրենյաց» սրբազան նշանաբանով Հայաստանը պաշտպանեց Հազկերտից: Այսօր, երբ շրջապատված ենք նոր օրերի Հազկերտներով, մենք կոչված ենք ամուր հավատքով ու հավաքական հանձնառությամբ առավել հզորացնելու մեր հայրենիքը:
Այսպիսով, նույն և մեկ ժողովրդի ու հայրենիքի սիրել՛ի զավակներ, եկեք միասնաբար քայլենք սիրո ու օրենքի ճամփով՝ փոխադարձ հարգանքով ու հասկացողությամբ, և մեր ժողովրդի միասնականությունն ու հայրենիքի անվտանգությունն ամեն բանից առաջ ու վեր դասելով:
Այս է պատգամը մեր ժողովրդի դարավոր պատմության», – ասված է Արամ Ա-ի ուղերձում։