Մենք պետք է մեր վճռական «ոչ»-ն ասենք ֆաշիզմի, այլատյացության և ռազմական հռետորաբանության ցանկացած դրսևորման. Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում մասնակցել է Ստալինգրադի և Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությանը և հանդես եկել ելույթով:
«ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ ողջունելու համաժողովի մասնակիցներին:
Այս տարին հոբելյանական է ՀԱՊԿ անդամ պետությունների ժողովուրդների համար, քանի որ լրանում է Ստալինգրադի և Կուրսկի հերոսական ճակատամարտերի 75-րդ տարեդարձը: Այդ երկու ճակատամարտերը և հաղթանակները վճռեցին Հայրենական մեծ պատերազմի հետագա ընթացքը:
Թե՛ Ստալինգրադի, թե՛ Կուրսկի հաղթանակներում իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել հայ ժողովրդի զավակները: Պատիվ ունեմ հայտարարելու, որ ես Ստալինգրադի ճակատամարտի մասնակից Պետրոս Ավագյանի թոռն եմ, իմ պապն էլ երեսուն հազար իր հայ եղբայրների նման մասնակցել է այդ ճակատամարտին: Երեսուն հազար հայերից տասը հազարը զոհվեցին` հաղթանակ պարգևելով մեր ժողովուրդներին ընդդեմ ֆաշիզմի: Ստալինգրադում պարտություն կրելուց հետո գերմանական Վերմախտը ցանկացավ ռևանշի հասնել Կուրսկում:
Կուրսկի հաղթանակն ունի մեծ նշանակություն. այնտեղ խորհրդային զինվորը բացեց դեպի Բեռլին գնալու ճանապարհը: Այդ ճակատամարտում իր զինվորական տաղանդով փայլեցին Հովհաննես Բաղրամյանն ու Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցն ու Աշոտ Ղազարյանը: Նրանցից շատերը ոչ միայն Հայաստանի Խորհրդային Հանրապետության, այլ նաև Արցախի զավակներ էին և հենց Ստալինգրադի ու Կուրսկի հերոսների ժառանգները տասնամյակներ անց ադրբեջանական օկուպացիայից ազատագրեցին Արցախն ու նրա վաղեմի մայրաքաղաք Շուշին:
Հարգելի գործընկերներ, այսօր, երբ մեր պետությունների ու ժողովուրդների առջև ծառացած են նոր մարտահրավերներ, մենք պետք է մեր վճռական «ոչ»-ն ասենք ֆաշիզմի, այլատյացության և ռազմական հռետորաբանության ցանկացած դրսևորման: Մենք՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, պարտավոր ենք լինել միասնական», – իր ելությում նշել է Է. Շարմազանովը։