27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Արժանացել են Հայաստանի Հանրապետության 2013թ. Պետական մրցանակին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակին են արժանացել Սինոփսիս ընկերության գլխավոր ճարտարագետ, Սինոփսիսի առաջատար հետազոտող դր. Երվանդ Զօրեանը և  ՀԳԱԱ անդամ, Սինոփսիս Արմենիա ընկերության ավագ կառավարիչ դր. Սամվել Շուքուրյանը՝ «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար։

“Յուրաքանչյուր մարդու համար մեծագույն երջանկություն է հնարավորություն ունենալ զբաղվելու իր սիրած գործով եւ իր տաղանդները ի սպաս դնել մնայուն արժեքներ ստեղծելու համար: Միեւնույն ժամանակ գերագույն հաճույք է ճանաչման եւ գնահատանքի արժանանալը, այն էլ՝ քո հայրենիքում: Այս մրցանակը շատ ոգեւորիչ է եւ մղում է նորանոր ստեղծագործական բարձունքների եւ նվաճումների”, – ասում է դր. Երվանդ Զօրեանը:

«Ես խորապես զգացված եմ, որ նման մրցանակ եմ ստանում հայրենի պետության կողմից: Գիտությունն ու նրա կիրառությամբ ստեղծվող արտադրանքը համամարդկային են, վեր որեւէ երկրի սահմաններից կամ ազգային պատկանելիությունից: Արդյունքի արժեքը որոշվում է մասնագիտական հանրության կողմից: Առավել հուզիչ է, երբ կատարված ներդրումը գնահատվում է նաեւ հայրենիքում», – ասում է դր. Սամվել Շուքուրյանը:

 

Դր. Զօրեանը ունի 32 ԱՄՆ արտոնագիր, հեղինակել է չորս գիրք և գրախոսել է ավելի քան 300 հոդվածներ: 2003թ.-ին EE Times կողմից նա ընտրվել է որպես կիսահաղորդչային արդյունաբերության մեջ ամենաազդեցիկ 13 մարդկանցից մեկը: 2005թ.-ին դր. Զօրեանը արժանացել է IEEE Industrial Pioneer հեղինակավոր մրցանակի, իսկ 2006թ.-ին՝ IEEE Hans Karlsson մրցանակին: 1999թ.-ից նա IEEE առաջատար հետազոտող է, իսկ վերջերս ընտրվել է որպես Հայաստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ:

Դր. Սամվել Շուքուրյանն ունի ավելի քան 80 գիտական աշխատություն և արտոնագրեր՝ Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: Նրա հետազոտությունների բնագավառը ընդգրկում է
հաշվողական համակարգերի ճարտարապետություն, էլեկտրոնային սարքերի և համակարգերի տեստավորում, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, բաշխված հաշվողական համակարգերի և ծրագրերի ֆորմալ մոդելներ:

Աշխատանքի մասին

Ինտեգրալ սխեմաների տարրերի չափերի և նրանց միջև տարածության փոքրացման հետեւանքով (մեկ նանոմետրը միլիոն անգամ փոքր է միլիմետրից) դրանց նախագծումը ու արտադրությունը դժվարանում են, ինչը բերում է բազմաթիվ սխալների առաջացմանը արտադրության ընթացքում: Արդյունավետ թեստավորման եւ վերականգման համակարգերի ներկառուցումը ինտեգրալ սխեմաներում թույլ են տալիս ստուգել ինտեգրալ սխեման, հայտնաբերել, տեղայնացնել եւ ախտորոշել այդ սխալները: Դա իր հերթին հնարավորություն է տալիս էապես ավելացնել արտադրանքի ճգտակար ելքը:

Երվանդ Զօրեանի և Սամվել Շուքուրյանի կողմից առաջարկված են թեստավորման, վերականգման և ախտորոշման ինտեգրացված լուծումներ բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար, որոնք կիրառելի են ինչպես տվյալ ամբողջական համակարգի, այնպես և այդ համակարգի յուրաքանչուր տարրի համար` սկսած ներդրված հիշողության սարքերից մինչև առանձին մտավոր սեփականություն հանդիսացող հանգույցները:

Հեղինակների կողմից ստացված արդյունքները ոչ միայն հետագա հետազոտությունների հիմք են, այլ նաև ունեն կիրառական նշանակություն եւ օգտագործվում են Սինոփսիս ընկերությունում մշակված երկու հատուկ գործիքներում: Այդ գործիքներն են 2001թ.-ին թողարկված DesignWare® STAR Memory System® (SMS) և 2013թ.-ին՝ DesignWare® STAR Hierarchical System® (SHS) արտադրանքները, որոնք օգտագործվում են աշխարհի ավելի քան 300 ընկերությունների կողմից:

SMS արտադրանքը 2002 թվականին ստացել է թեստավորման մեջ լավագույն՝ «Տարվա արտադրանք» մրցանակը, 2013 թվականին՝ «Թեստավորման և չափման՝ աշխարհում լավագույնը թեստավորման մեջ» մրցանակը  (Test & Measurement World Best in Test Award), ինչն արտահայտում է արդյունաբերության գնահատականը արտադրանքի նկատմամբ:

Երվանդ Զօրեանի մասին
Երվանդ Զօրեանը Սինոփսիս առաջատար հետազոտող և Սինոփսիս ընկերության (Կալիֆորնիա, Մաունթեյն Վյու) գլխավոր ճարտարագետն է: Նախկինում նա եղել է Վիրաժ Լոջիք ընկերության փոխնախագահ և գլխավոր գիտնական, AT&T Bell լաբորատորիաների տեխնիկական անձնակազմի վաստակավոր անդամ և LogicVision Inc. ընկերության գլխավոր տեխնիկական խորհրդական: Երվանդ Զօրեանը մագիստրոսի իր կոչումը ստացել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանից, գործարար կառավարման մագիստրոսի կոչումը՝ Պենսիլվանիայի համալսարանի  Ուարթոն կառավարման դպրոցից, իսկ դոկտորի կոչումը՝ ՄակԳիլ համալսարանից: 

Ներկայումս նա IEEE Test Technology Technical Council (TTTC) նախագահն է: Անցյալ տարի Դր. Զօրեանը զբաղեցրել է Նախագծման Ավտոմատացման Գիտաժողովի (Design Automation Conference) գլխավոր նախագահի կոչումը: Նա նաև Design & Test of Computers-ի պատվավոր գլխավոր խմբագիրն է, IEEE 1500 Ստանդարտացման աշխատանքային խմբի հիմնադիրը և նախագահը, ինչպես նաև դասավանդում է Բրիտանական Կոլումբիայի համալսարանում:  Նա ծառայել է Governors of Computer Society և CEDA տնօրենների խորհրդում, և IEEE Computer Society՝ որպես փոխնախագահ: Նա հիմնադրել և նախագահել է մի շարք սեմինարներ և գիտաժողովներ, այդ թվում` IEEE դասընթացները և East-West Design & Test սիմպոզիումը:

Սամվել Շուքուրյանի մասին

Սամվել Շուքուրյանը ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչումը 1990 թ.-ին, իսկ 1993թ.-ին ՌԴ Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովը (Մոսկվա) նրան շնորհել է պրոֆեսորի կոչում:  1996թ.-ին նա ընտրվել ՝ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ: 

Ներկայումս նա ԵՊՀ-ի ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի Տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչն է: 1994թ.-ից նա աշխատում է ԵՊՀ-ում, եղել է տարբեր միջազգային ընկերություններում ավագ գիտական խորհրդատու: 2000թ.-ից նա տնօրինում է Ներդրված թեստավորման և վերանորոգման ծրագրի բաժինը “Վիրաժ Լոջիք” կորպորացիայում, իսկ 2010թ.-ից նույն բաժինը Սինոփսիս ընկերությունում:

Դր. Շուքուրյանն ունի ավելի քան 80 գիտական աշխատություն և արտոնագրեր՝ Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է հաշվողական համակարգերի ճարտարապետությունը, էլեկտրոնային սարքերի և համակարգերի թեստավորումը, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, բաշխված հաշվողական համակարգերի և ծրագրերի ֆորմալ մոդելները: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ