Փարաջանովը համաշխարհային է
““Փարաջանով” ֆիլմը Ուկրանայում ուկրանիական է, Ֆրանսիայում՝ ֆրանսիական, Հայաստանում հայկական, այն սահմաններ չի ճանաչում”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց “Փարաջանով” ֆիլմի ռեժիսոր եւ գլխավոր դերակատար Սերժ Ավետիքյանը: Իր խոսքով նա խորամանկ քայլ արեց՝ ինքն առաջարկեց դառնալ ֆիլմի ռեժիսոր եւ մարմնավորել Փարաջանովին:
Սակայն ոչ ինքն է նման Փարաջանովին, ոչ էլ ֆիլմն է նման Փարաջանովի ֆիլմերին:
Գաղափարը ծնվել է Ուկրաինայում: “Սցենարը շատ դոկումենտալ է՝ ներկայացնում է Փարաջանովի 30 տարվա կյանքը: Երբ ես ընթերցեցի սցենարը, այն միանգամից հետաքրքրեց ինձ: Ֆիլմի բյուջեն կազմել է 2 մլն եվրո”,-ասաց նա: Ֆիլմն արդեն հասցրել է միջազգային կինոփառատոններում 6-7 մրցանակի արժանանալ:
Ավետիքյանը նշեց նաեւ, որ ֆիլմն առաջիկայում մասնակցելու է փառատոնների՝ Բուխարեստում, Ֆրանսիայում: Փառատոններից մեկի մրցանակն, ի դեպ, ինչպես նշեց Ավետիքյանը 12 շիշ գինի է եղել:
“Կինոյի ասպարեզում հայ-ֆրանսիական համագործակցությունը շատ սերտ է. “Փարաջանովը” կարծես ավետիս էր՝ հայ-ֆրանսիական համագործակցության”,-ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
Վրաստանի դեսպան Թենգիզ Շամանաշիվիլին էլ պատասխանելով այն հարցին, թե Փարաջանովը Վրաստանի ծագում ունի, թե Հայաստանի՝ պատասխանեց, որ նման մարդիկ աշխարհինն են լինում:
Ի դեպ, ֆիլմի պրիեմերիան կայացավ այսօր՝ Երեւանում: