Ուկրաինուհին հրաժարվել է միայն գումարից /վիդեո/
“Մեր օրերում արվեստագետն ազատ է, ազատ է իր գործողություններում”,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց անվանի կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը՝ անդրադառնալով “Փարաջանով” ֆիլմի համար ռեժիսորներից մեկի՝ Ելենա Ֆետիսովայի այն հայտարարությանը, թե հրաժարվել է Հայաստանի պետական մրցանակից:
“Արվեստագետի դերը մնում է ազատ ստեղծագործելը, եւ իր ամբիոնը օգտագործել՝ իր ասելիքն ասելու համար: Ես հարգում եմ Ֆետիսովայի կարծիքը”,-ասաց Ավետիքյանը՝ ավելացնելով, որ հանգամանքաներն են այդպես դասավորվել: Սակայն Ավետիքյանի խոսքով, ինքը համաձայն չէ այն մտքի հետ, որ արվեստագետը քաղաքական գործիչ դառնա:
Ֆիլմի պրոդյուսեր Թագուհի Կարապետյանն էլ նշեց, որ Ելենան հրաժարվել է մրցանակի գումարային մասից: “Լրատվամիջոցներում սխալ մեկնաբանվեց: ՀՀ նախագահի պետական մրցանակը իմ մոտ է, ես հանձնելու եմ նրան, իսկ գումարը նա ցանկացավ փոխանցել որեւէ մանկատան”,-պարզաբանեց պրոդյուսերը:
Հիշեցնենք, որ մրցանակը 5 մլն դրամ է, իսկ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարգելով Ֆետիսովայի որոշումը՝ ասաց, որ կրկնապատկի գումարը, ինչը կուղղվի բարեգործական նպատակներով:
Մանրամասները տեսանյութում: