Հայաստանում ո՞վ որքան գրանտ է ստանում Սորոսից
Բաց հասարակության հիմնադրամները, որն առավել հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ, Հայաստանում տարեկան տասնյակ ծրագրեր է ֆինանսավորում:
Հիմնադրամի գրանտներն ուղղվում են մի քանի թիրախային խմբերի՝ քաղաքացիական հասարակություն, մեդիա, կանանց իրավունքներ, կրթություն, հանրային առողջություն և այլն:
ՀայՄեդիա.am-ն ուսումնասիրել է, թե Հայաստանում ո՞ր կազմակերպությունները և որքա՞ն գրանտ են ստանում վերոնշյալ հիմնադրամից:
Ըստ հիմնադրամի պաշտոնական հաշվետվության, 2016 թվականին հայկական կազմակերպություններն ընդհանուր առմամբ ստացել են ավելի քան 1 մլն 752 հազար դոլարի դրամաշնորհ:
Նախորդ տարի ամենամեծ գրանտը ստացել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը, որի ղեկավար Էդիկ Բաղդասարյանի հաշվին 2016 թվականի օգոստոսի 1-ին փոխանցվել է
160.930 դոլար: Նշենք, որ «Հետաքննող լրագրողներ»-ի մեդիա հարթակի՝ hetq.am-ի հետաքննությունների հիմնական ոլորտներն են Հայաստանի դատական համակարգը, օրենսդիր և գործադիր մարմինների գործունեությունը, իրավապահ համակարգը, շրջակա միջավայրը, զինված ուժերը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը 2016 թվականին Բաց հասարակության հիմնադրամներից ստացել է երկու դրամաշնորհ՝ 67.600 և 36.029 դոլար: Ակումբի պաշտոնական կայքում նշվում է, որ դրա գործունեության թիրախներ են տեղեկատվության ազատությունը, տեղական ինքնակառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հանրային մասնակցությունը և կոռուպցիայի դեմ պայքարը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նախորդ տարի մի քանի գրանտ է ստացել: Հունվարի 27-ին գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի անունով կատարվել է 55.375 դոլարի փոխանցում, ապա ևս 10,265 դոլարի փոխանցում, իսկ սեպտեմբերի 1-ին նրան է տրամադրվել 104.000 հազար դոլարի գրանտ: Ավելի ուշ, նոյեմբերի 15-ին գրասենյակին փոխանցվել է ևս 50.000 դոլար՝ Արա Զալյանի անունով:
2016 թվականին մեծ ֆինանսավորում են ստացել նաև Հելսինկյան կոմիտեն և «Ֆակտոր» ինֆորմացիոն կենտրոնը: Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանի անունով հունիսի 29-ին փոխանցվել է 103.925 դոլար, իսկ «Ֆակտոր» ինֆորմացիոն կենտրոնի ղեկավար Արևհատ Սահակյանի անունով՝ 103.657 դոլար:
Նախորդ տարի «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ստացել է դրամական երկու փոխանցում՝ 13.870 և 4.460 դոլար ծավալով:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն էլ ստացել է 33.850 դոլար, ապա նաև 43.850 դոլար գրանտ:
«Մանդատ» հասարակական կազմակերպության ղեկավար Լուսինե Վասիլյանը 2016-ին ստացել է 63.660 դոլար: Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համակարգող Անահիտ Չիլինգարյանը՝ 68.100 դոլար:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ղեկավար Հայկուհի Հարությունյանը մեկ տարվա ընթացքում ստացել է 70.000 դոլար:
«Իրավունքների զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանին էլ փոխանցվել է 39.972 և 14.970 դոլար: