Կառավարական հանձնաժողովը հապաղում է ԸՕ փոփոխությունների հայեցակարգը հրապարակելու հարցում. հնարավոր է ժամկետների հետ կապված խնդիրներ ծագեն
«Մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունները այն հանձնաժողովին, որը կառավարությունն է ձեւավորել եւ որը անընդհատ ասում է, որ պետք է հրապարակվի հայեցակարգը»,- Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԸՕ փոփոխությունների եւ նոր ԸՕ մշակման գործընթացին, ասել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, խորհրդարանական 4 խմբակցությունները ավարտել են համատեղ աշխատանքը եւ ԸՕ փոփոխությունների հարցով կառավարական հանձնաժողով են ներկայացրել ԸՕ փոփոխությունների առաջարկությունները, որոնք հաշվի առնելով, հանձնաժողովը պետք է հրապարակեր ԸՕ փոփոխությունների հայեցակարգը:
Հավելենք նաեւ, որ դեռեւս պարզ չէ, խորհրդարան կներկայացվի մեկ միասնական փաստաթուղթ, թե ոչ: Խորհրդարանական 4 խմբակցությունները, ինչպես քննարկումների ժամանակ էին նշում, հակված են կառավարական հանձաժողովի հետ միասին մեկ միասնական նախագծի ներկայացման գաղափարին:
«Հայեցակարգը պետք է հրապարակվի, մոտեցումներ ձեւավորվեն, որից հետո նոր ուղարկվի Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը: Սա է մեր տեսլականը: Մենք առաջարկներ ենք ձեւավորել, ուղարկել ենք կառավարական հանձնաժողովին, որ ներառեն հայեցակարգում, հայեցակարգից հետո կհասկանանք, միասնական նախագիծ ենք ներկայացնում, թե ոչ»,-Henaran.am-ի հետ զրույցում շարունակել է Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ոչ միայն ԸՕ փոփոխությունների գործընթացում ներգրավված խորհրդարանական ուժերը, այլեւ ընտրական գործընթացով հետաքրքրված քաղաքական ուժերն են սպասում են հայեցակարգին:
Անդրադառնալով ժամկետների խնդրին, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Եթե իրենք հետեւում են կառավարության ծրագրում նշված ժամկետներին եւ փոքրիշատե ականջալուր են միջազգային փորձաքննության ժամկետներին, որտեղ նշվում է, որ ԸՕ-ի ընդունումից հետո 1 տարի ժամանակ պետք է անցնի, որը մեկ-երկու ամսով հնարավոր է կրճատել, կտեսնեն, որ մենք խնդիր ունենք, որովհետեւ նույնիսկ ԸՕ-ի կոնցեպտը այս պահին չունենք: Հնարավոր չէ օրենք ընդունել, հետո՝ 2 ամիս անց, անցկացնել ընտրություններ»: