Ռուսաստանն ու Հայաստանը պետք է խուսափեն միմյանց վնասող քայլեր անելուց. Արթուր Մարտիրոսյան
Բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում պետք է լինեն մշակված հիմունքներ այն մասին, որ մենք չենք անի մի բան, որը կարող է վնասել Ռուսաստանին և ակնկալում ենք, որ Ռուսաստանն էլ չի անի մի բան, որը կարող է վնասել Հայաստանին: Նա Tert.am-ի հետ զրույցում իր տպավորությունները ներկայացրեց կառավարության 100 օրվա գործունեության մասին՝ արտաքին քաղաքականության մասով և կատարեց իր դիտարկումները հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին։
-Պարո՛ն Մարտիրոսյան, հիմա փորձագետները՝ յուրաքանչյուրն իր ոլորտի մասով, փորձում են վերլուծել կառավարության գործունեության 100-ը օրերը, գնահատել դրանց արդյունավետությունը: Եթե խոսենք արտաքին քաղաքականության մասին, ի՞նչ կարող ենք արձանագրել:
-Իհարկե, արտաքին քաղաքականության մասով փորձ է արվում ոչինչ չփոխել: Այդ մասին հայտարարություններ էլ արվել են: Բայց շարունակել նույնը այնքան էլ հեշտ չէ, քանի որ աշխարհն է փոխվում: Եթե շարունակենք նույնն անել, երբ աշխարհում փոփոխություններ են տեղի ունենում, երբ սրվում են Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները, արդյունքի չենք հասնի: Պետք է ճկուն լինել, հասկանալ, թե ինչ սցենարներ են հնարավոր, եթե այդ հարաբերություներում առկա լարվածությունը շարունակական լինի:
Ի վերջո, փոփոխություն, արտաքին քաղաքականության մեջ այս հարյուր օրերին չեղավ, միայն թիմը փոխվեց: Նորը ավելի ցածր վստահության կապիտալ ունի Ռուսաստանի հետ. կամ չէին ճանաչում նոր իշխանություններին, կամ էլ չէին վստահում: Ես չէի ասի, որ կա երկու երկրների հարաբերություններում ճգնաժամ, բայց կասեի, որ եղել են վրիպումներ, ոչ կոորդինացված աշխատանք Ռուսաստանի հետ հարաբերություններում: Որպեսզի հիմա անվստահություն չլինի, պետք է ինչ-որ քայլ անել:
-Ռուսաստանի կողմից անվստահության ֆոնին էլ նախատեսվում է Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումը: Ձեր տպավորությամբ վիճահարույց հարցերը քննարկելու համա՞ր են հանդիպում, թե՞ օրակարգում այլ հարցեր կան:
-Որոշ հարցեր ճշտելու կարիք ունեն, դրա համար են հանդիպում: Պետք է ճշտեն իրենց ենթադրությունները, երևի փորձեն նաև հրատապ խնդիրներ լուծել: Բայց հիմնականում պետք է ասել, անվստահության խնդիրը լուծելու համար է հանդիպումը: Կարող ենք, իհարկե, ասել՝ չվստահելը Ռուսաստանի խնդիրն է, բայց եթե նա քո գործընկերն է, միայն իր խնդիրը չէ:
Չնայած ռուսական կողմը չէր ասում այդ մասին, բայց ի սկզբանե պարզ էր՝ որոնք էին իրենց համար կարևոր մտահոգությունները՝ հայաստանյան զարգացումների հետ կապված: Հայաստանի երկրորդ նախագահին դատարան բերելը, ձերբակալելը, պարզ էր, որ անհանգստացնելու էր Պուտինին. Նա չէր ցանկանա, որ դրա պրոեկցիան լիներ նաև Ռուսաստանում: Հայկական կողմը պետք է հասկանար, որ նման մտահոգություններ կարող էր ունենալ Ռուսաստանը: Ի՞նչ անել այդ դեպքում: Ես չեմ ասում, որ Հայաստանը պետք է զիջեր իր սուվերենության իրավունքը, Ռուսաստանի հետ հարաբերությունների համար զոհաբերի հանցագործներին դատաստանի առջև կագնեցնելը: Ո՛չ: Ես ասում եմ՝ պետք է ավելի զգույշ վարվել, պետք է մտածված քայլեր արվեին, ոչ թե էմոցիաների հետևից ընկնել: Պետք է ճշտումներ անել հարաբերություններում: Երկու կողմն էլ պետք է հասկանան, թե ինչպես պետք է շարունակեն հարաբերությունները զարգացնել՝ չհարվածելով նույնիսկ չբացահայտված շահերին: Պարզ էր, որ իրենց համար անհանգստացնող էր, որ նախկին նախագահին բերում են դատարան:
-Ներկայիս իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ամեն կերպ վստահեցնում են, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, կան վիճահարույց հարցեր, որոնք կարող են լուծվել: Վարչապետն անգամ հավաստիացնում է, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ավելի են լավանալու: Ըստ Ձեզ՝ մեր գործընկերոջը հավատ ներշնչո՞ւմ են նման հայտարարությունները:
-Վստահությունը դու ձեռք չես բերում խոստումներով, հայտարարություններ անելով: Վստահությունը ձեռք է բերվում գործնական դաշտում: Ռուսներն այս խոսքերին ի պատասխան հարցնում են՝ ի՞նչ քայլեր են արվում վստահությունը ձեռք բերելու համար: Ես ինքս էլ տեղյակ չեմ, թե ինչ քայլեր են արվում դրա համար: Տեսել եմ մեկնաբանություններ, որ որպես քայլ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնից ազատվելն էր դիտարկվում, որը արևմտամետ էր: Բայց ես չեմ կարծում, որ դա այն քայլն էր, որ վստահություն կարող էր առաջացնել, հարաբերություններ բերել ավելի բարձր մակարդակի: Վստահություն կարող է լինել այն դեպքում, եթե քո գործողությունները միայն քո շահերից չեն բխում, քո գործընկերոջ շահերից էլ են բխում:
-Գուցե գործնական քայլերից մեկը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, ըստ որի, շուտով ներկայացվելու է հայ-ռուսական աննախադեպ հումանիտար նախագիծ: Կարծես թե խոսքը Սիրիայում ռուսական դրոշի ներքո հայկական զորքերի մասնակցության մասին է խաղաղապահ առաքելությունում: Ի՞նչ եք կարծում՝ այս քայլով ՀՀ իշխանությունները ցանկանում են Ռուսաստանին «սիրաշահե՞լ», վստահությունն իրենց նկատմամբ ամրապնդե՞լ: Եթե այդ նախագծի մասին կանխատեսումները իրական լինեն, խնդիրներ չե՞ն առաջանա Հայաստանի համար Արևմուտքի հետ հարաբերություններում:
-Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք ներկայացնելու մեր համագործակցությունը միջազգային հանրությանը: Մենք Սիրիայում ունենք ազգակիցներ և ոչ ավելի քիչ թվով, քան Թուրքիան, որը ռազմական եղանակով ներխուժեց այդ երկրի ներքաղաքական կյանք: Մեզ համար ոչ այնքան այդ քայլն է մտահոգիչ, որքան, թե ինչպես այն կներկայացվի:
Ինչո՞ւ ոչ, պետք է նման քայլի հայկական կողմը դիմի, գուցե ավելի շուտ պետք է նման բան աներ, քանի որ այս պահին սրվում են Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները, և մենք կանգնած ենք լարվածության մի նոր շեմի առջև: Ճիշտ է, մեզ չեն պատժի, բայց նորից կուժեղանա այն պատկերացումը, որ Հայաստանը պետք է դիտարկենք ոչ միայն որպես Ռուսաստանի դաշնակից, այլ նաև այդ երկրի ազդեցության գոտի, այդ երկրի քաղաքականությանը հետևողի: Մենք մեր՝ Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացնելը ներկայացնելիս պետք է բացատրենք, որ դա անում ենք ոչ թե Ռուսաստանի շահերը սպասարկելու համար, այլ մեր ազգային շահերը պաշտպանելու համար. Սիրիայում մենք ունենք համայնք, այդ երկրի հետ ունեինք հարաբերություններ և այլն:
-Այս օրերին անընդհատ քննարկվում է Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի և նաև մասնակցի կարգավիճակ տալու հնարավորությունը: Հայ-ռուսական հարաբերություններում վիճահարույց հարցերից էր նաև ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին: Որպես բանակցային գործի մասնագետ ի՞նչ եք կարծում՝ այս ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ դիրքորոշմամբ Փաշինյանը պետք է գնա Պուտինի հետ հանդիպման:
-Փաշինյանը Պուտինի հետ պետք է կազմի հարաբերությունների մասին հիմունքներ: Պետք է լինեն մշակված հիմունքներ այն մասին, որ մենք չենք անի մի բան, որը կարող է վնասել Ռուսաստանին և ակնկալում ենք, որ Ռուսաստանն էլ չի անի մի բան, որը կարող է վնասել Հայաստանին:
Պարզ է, որ Ռուսաստանը ավելի մեծ երկիր է, իրենք բազմաթիվ շահեր ունեն (այդ թվում` տնտեսական) այլ երկրների հետ: Այո՛, կարող է Ռուսաստանն Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնելիս շահեր ունենա, իհարկե կարող են շարունակել այդ երկրի հետ զարգացնել հարաբերություններ, բայց մինչև այն պահը, երբ այդ հարաբերություններում կարող են լինել համագործակցություններ, որոնք կվնասեն Հայաստանին:
-Հայաստանն ունի՞ հնարավորություն Ռուսաստանի հետ հարաբերություններում նման հիմունքներ առաջ քաշելու:
-Այո՛, իհարկե: Մենք էլ կարող ենք Եվրոպայի հետ զարգացնել մեր հարաբերությունները: Բայց պետք է հաշվի առնել, որ այդ գործընթացներում հնարավոր է վնասենք մեր ռազմավարական գործընկերոջը:
Ռուսաստանն ու Հայաստանը պետք է խուսափեն միմյանց վնասող քայլեր անելուց: Պետք է այդ մասին հիմունքներ մշակել: Եթե դրանք չլինեն, միշտ էլ կարող են ասել, որ ոչ մի անձնական խնդիր չկա, պարզապես բիզնես են անում, զենք են վաճառում: Պետք է հասկանալ, որ դա կարճատև շահ է: Եթե այդ տրամաբանությամբ գնանք, ապա մենք էլ կարող ենք ասել, որ այս պահին մեզ ավելի շահավետ է ինչ-որ մի բան անել Միացյալ Նահանգների հետ: Բայց դա կարճատև շահ է, չպետք է դրա հետևից ընկնել: Մեզ պետք է հետաքրքրեն երկարատև շահերը: Մենք չպետք է անենք քայլեր երրորդ կողմերի հետ, որոնցով միմյանց կվնասենք: Իսկ դրա համար պետք է լինի ավելի բարձր որակի խնդիրների լուծման կոորդինացիա: Օրինակ՝ մինչև ինչ-որ քայլ անելը Հայաստանը համաձայնեցնի դա Ռուսաստանի հետ, լինի խորհրդակցում. Թե որտեղ և ինչ մակարդակում, դրանք արդեն տեխնիկական հարցեր են: Բայց պետք է լինեն կոնսուլտատիվ գործընթացներ: Երբ դրանք չեն լինում, Ռուսաստանը մտածում է, որ դա արվում է, որովհետև, օրինակ, ամերիկացիներն են ցանկանում: Ենթադրում են … բայց եկեք անենք այնպես, որ այդ ենթադրությունները քչանան: Կարևոր քայլ անելուց առաջ, որը հնարավոր է՝ ինչ-որ հետևանքներ ունենա մյուս կողմի վրա, դրա մասին պարտադիր պետք է խորհրդակցել:
Մեր հարաբերություններում հիմունքներ մշակելու մասին պետք է մտածել: Չեմ կարող խոսել Փաշինյանի բանակցային հմտությունների մասին, բայց թվում է, որ հաջողակ բանակցող պետք է լինի՝ հաշվի առնելով նրա նվաճումները: Ռուսաստանի հետ նրա բանակցելու մասին ոչինչ չեմ կարող ասել, ես չգիտեմ՝ ինչ հաջողություններ է նա ունեցել այստեղ: Չգիտեմ՝ ինչ լեզվով է բանակցում, բայց լավ կլիներ, որ այդ լեզուն լիներ համատեղ շահերի լեզուն: