Հուլիսին արտահանումը չի աճել որքանով մենք ուզում էինք. Նախարար
Տնտեսության ոլորտում թվային տվյալները չենք համարում, որ ամբողջությամբ լավ են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։
«Հուլիսին արտահանումը չի աճել որքանով մենք ուզում էինք, սակայն դա դեռ չի նշանակում, որ տնտեսությունը փլուզվում է»,–ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալը՝ ապա հավաստիացրեց, որ առնվազն 6 տոկոս տնտեսական աճ ենք ունենալու տարվա վերջին։
Նրա խոսքով՝ կառավարությունը տնտեսության ոլորտում փորձում է նոր կանոններ սահմանել, իսկ որոշ տեղեր արդեն սահմանվել են. «Սակայն խնդիրը հետեւյալն է, որ կանոնների սահմանումը միանգամից էֆեկտ չի տալիս։ Եթե ասում ենք, որ բոլորը օրենքի առաջ հավասար են, դա չի նշանակում, որ մոնոպոլիաները միանգամից կվերանան։ Մենք փորձում ենք ոչ ազնիվ մրցակցային առավելությունը վերացնել, իսկ շատ տեղերում արդեն վերացրել ենք, իսկ դա կբերի նրան, որ մրցակցության արդյունքում տնտեսվարողները ժամանակի ընթացքում կկարողանան դուրս մղել մոնոպոլիաներին, եթե մոնոպոլիան չփոխվի ու սկսի ավելի լավ ծառայություն մատուցել բնակչությանը»։
Ավագ Ավանեսյանի խոսքով՝ աշխատանք է տարվում իդենտիֆիկացնել ոլորտները, որտեղ կառավարությունը կարող է ինչ–որ գործողություններ կատարել։
Խոսելով ՌԴ–ի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների մասին՝ նա շեշտեց, որ դրանք ուղղակիորեն ազդելու են գնողունակության վրա, «քանի որ Հայաստանից ՌԴ է արտահանվում հիմնականում սպառողական ապրանքներ, ուստի պատժամիջոցները մեր արտահանման համար լավ չեն, բայց մյուս կողմից կարող ենք նայել որպես հնարավորություն տնտեսվարողների համար մուտք գործելու եւ գրավելու լրացուցիչ ապրանքային շուկաներ ՌԴ–ում»։
Նա լրագրողների խնդրանքով անդրադարձավ Նաիրիտի խնդրին, ասելով, որ Նաիրիտը միշտ ուշադրության կենտրոնում է այն առումով, որ այն «մասնավորը պետք է աշխատացնի, մասնավորը պետք է գտնի, որ դա շահութաբեր է, իսկ պետությունը պետք է միջամտի, եթե կարող է ինչ–որ բան անել, որ այն ավելի շահութաբեր լինի»։
Վրաստանից վերգետնյա ճանապարհով ցորենի ներկրման առումով նա անհանգստության մեծ պատճառ չի տեսնում. «Այս պահին շատ մեծ անհանգստության կարիք չկա, թեեւ սխալ կլինի ասել, որ ընդհանրապես խնդիր չկա»,–եզրափակեց նա՝ հավելելով, որ կապ են պահպանում վրացի գործընկերների հետ՝ հասկանալու համար որոշման պատճառները եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ այն ՀՀ տնտեսության վրա։