24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գործ կա, իսկ աշխատավա՞րձ. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել իր էջում, որտեղ նշել էր, թե համաձայն իր ստացած արձագանքների, տարբեր գործատուներ նշում են, որ ունենք աշխատատեղ, սակայն չկան համապատասխան որակավորմամբ մասնագետներ: Վարչապետն արդարացիորեն նշում է, որ մեր կրթության եւ ինքնակրթության համակարգերը համաձայնեցված չեն աշխատաշուկայի պահանջներին: Այստեղ, անշուշտ, վիճակելու բան չկա, սակայն մեկ այլ խնդիր, այնուամենայնիվ, կա: Ըստ էության՝ աշխատատեղերը նշանակում են ոչ թե բարձր որակավորում պահանջող եւ բարձր աշխատավարձ առաջարկող աշխատանքների առկայություն, օրինակ՝ այս կամ այն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ բանկային ոլորտներում, այլ միջին մասնագիտական կրթությամբ եւ միջին խավը ներկայացնող քաղաքացիներին հասանելի աշխատատեղեր: Հենց սա է լրջագույն խնդիրը, որն այսօր առկա է հայաստանյան հասարակության մեջ:

Բարձր որակավորմամբ մասնագետների պահանջարկ կա նաեւ շատ այլ զարգացած երկրներում, սակայն դրանք գոյություն ունեն մատների վրա հաշված ոլորտներում, որոնք էական ազդեցություն չեն կարող ունենալ գործազրկության վիճակագրության վրա: Սա նորմալ է, աննորմալ է այն, որ ընդամենը դպրոցական կամ միջին մասնագիտական կրթությամբ հարյուր հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում աշխատանք գտնել, սա էլ, իհարկե, առնչվում է կրթական համակարգի հետ, որտեղ մեծ հաշվով չի գործում միջին մասնագիտական կրթության կամ, այսպես ասած, քոլեջ–տեխնիկում օղակը: Մյուս կողմից, եթե այն գործի էլ, ապա հարց է առաջանում, թե որտե՞ղ են աշխատելու այդ մարդիկ: Սրանք հարցեր են, որոնց շղթան կրկին անգամ բերում է զարգացած տնտեսություն ունենալուն: 

Այսօր հայաստանում զբաղվածների գերակշիռ հատվածը գտնվում է կամ պետական ոլորտում, կամ էլ սպասարկման: Տնտեսագետներն ու համապատասխան մասնագետները, թերեւս, ավելի մանրամասն կներկայացնեն իրավիճակը, սակայն անգամ առանց նման հետազոտությունների, ամեն ինչ անզեն աչքով էլ պարզ է: 

Վերջապես, եթե մենք ասում ենք աշխատանք, ապա ի՞նչ նկատի ունենք, ընդամենը զբաղվածությո՞ւն, թե՞ այնպիսի զբաղվածություն, որի արդյունքում քաղաքացին կկարողանա արժանավայել ապրել: Այս տեսանկյունից վերջին շրջանում սոցցանցային հարթակներում շատ լայն տարածում է ստացել «գործկա» հեշթեգը, որը, սակայն, այդպես էլ չի պատասխանում՝ «իսկ աշխատավարձ կա՞» հարցին: Ի վերջո, կամավորական աշխատանքն էլ կարող է աշխատանք համարվել, հիմա ի՞նչ, համարենք, որ գործ կա՞: Չէ՞ որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայաստանյան աշխատաշուկայում առաջարկվող աշխատավարձը տատանվում է 60–120 000 դրամի սահմաններում: Կարծում ենք՝ բացարձակ իմաստ էլ չկա հաշվարկներ կատարել, թե նման աշխատավարձն ու 4 հոգուց կազմված ընտանիքի պահանջները ինչքանով են հարաբերվում միմյանց հետ:

Վերջապես, մասնագետների ու որակավորված մասնագետների մասին: Կարծես թե ակնհայտ է չէ՞, որ չի կարող լինել հասարակություն, որտեղ բոլորը որակավորված մասնագետներ են, որովհետեւ անգամ ներկայիս պայմաններում մեր բարձրագույն հաստատություններն ավարտած քաղաքացիների շատ փոքր հատվածն է իսկապես մասնագետ դառնում՝ տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Եվ ուրեմն՝ պահանջել, որպեսզի բոլորը լինեն մասնագետ, ավելին՝ լավ մասնագետ, բոլորովին էլ չի կարող հարցի լուծում լինել այն պարզ պատճառով, որ դա չի լինի:

Իհարկե, որակավորված մասնագետներն առավել մրցակցային են եւ ի վերջո գտնում են աշխատանք, բայց չէ որ հենց հիմա էլ այդպես է, հիմա էլ, նախկինում էլ լավ մասնագետը աշխատանք ուներ՝ խոսքը աշխատանքի մասին է, ոչ թե ուղղակի զբաղվածության կամ, ինչպես ժողովրդական լեզվով ասում ենք, «բզբզալու», ուստի՝ խնդիրն այստեղ մասնագետները չեն, նրանք կարող են լուծել իրենց խնդիրները, խնդիրն այստեղ սովորական քաղաքացիներն են, ովքեր ունեն ոչ պակաս արժանավայել ապրելու եւ աշխատելու իրավունք, քան տաղանդավոր ու Հայաստանի համար աստղաբաշխական թվերով վարձատրվող ծրագրավորողները: Դե ի վերջո, բոլորս չէ, որ Նյուտոն կամ Էյնշտեյն պիտի լինենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ