Ինձ համար անհասկանալի է մեր կառավարության անտարբեր վերաբերմունքը. Բաց նամակ վարչապետին
Բաց նամակ վարչապետին
Մամուլում վերջերս շրջանառվում է, թե արտերկրում ունենք հայազգի տնտեսագետ «փրկիչներ», որոնք կգան Հայաստան եւ տնտեսական զարգացման ծրագիր կներկայացնեն` այն էլ բաձր վարձատրման պայմանով: Ինձ համար այս փաստը վիրավորական է երկու առումով: Նախ, սփյուռքահայ տնտեսագետը չպետք է որ հայրենիքի հետ առեւտուր անի, այլ ընդհակառակը, եթե ոչ ֆինանսական, ապա գոնե իր մտավոր ներուժով օգտակար լինի այն մի կտոր հողին, որը շարունակում է գոյատեւել ու ամրանալ:
Եվ երկրորդ, գոնե ինձ համար բացարձակապես անհասկանալի է մեր կառավարության անտարբեր վերաբերմունքը հայրենիքում բնակվող տնտեսագետների նկատմամբ: Ի՞նչ եք կարծում, եթե գեներացնենք Հայաստանում աշխատող տասնյակներով տնտեսագիտության դոկտորների եւ հարյուրներով տնտեսագիտության թեկնածուների մտքերն ու առաջարկները, դրանք մի քանի անգամ արդյոք չե՞ն գերազանցի դրսում բնակվող Աճեմօղլուների մտահորիզոնը:
Ես բնավ խանդով չեմ վերաբերվում եւ ոչ էլ թերագնահատում եմ մեր սփյուռքահայ հայտնի տնտեսագետներին: Նրանց անշուշտ չպետք է անտեսել՝ անպայման ընդգրկելով հայրենաշինության մեր ընդհանուր գործին: Բայց մյուս կողմից, ինչո՞ւ անտեսել հայաստանյան մասնագետներին: Այ դա ինձ համար ոչ միայն անհասկանալի, այլեւ մտահոգիչ է: Վստահ եմ, որ հայաստանաբնակ ոչ մի տնտեսագետ վարձատրման պահանջով չի լծվի տնտեսության զարգացման ծրագրային աշխատանքներին, քանի որ ուղղակի այն կհամարի իր սուրբ գործն ու հանրային պարտավորվածությունը:
Ասեմ ավելին, ներսի մարդը առավել լավ է տեսնում երկրում առկա տնտեսական խոչընդոտները, հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները, քան հայաստանյան իրականությունից հազարավոր կիլոմետրերով հեռու Աճեմօղլուները, որոնց դեռ ժամանակ է անհրաժեշտ «մարսելու» հայաստանյան տնտեսական այս խառնաշփոթը: Ներդրումների առումով եւս մեկ մտահոգություն ունեմ: Թավշյա հեղափոխությունից առաջ մեր երկրում գործում էր միահեծան իշխանություն, հիմա նորից նույն սկզբունքով ենք առաջնորդվում, բոլորս անընդհատ մեր հայացքն ու ականջները ուղղելով հարգարժան վարչապետին: Ազգի համախմբվածության առումով միգուցե դա լավ է, բայց օտարերկրյա ներդրողի կողմից դա վատ է ընկալվում:
Պատկերացրեք, եթե որեւէ մեկը խոշոր ներդրում իրականացնի ՀՀ-ում, ոգեւորվելով գործող վարչապետի կոչերով ու խոսքերով, եւ մի քանի տարի անց երկրում մեկ այլ վարչապետ նշանակվի. ուրեմն ամեն ինչ նրա համար պետք է հօդս ցնդի: Հավատացեք, որ Գերմանիայում, ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում ներդրողները բնավ չեն առաջնորդվում հեղափոխական էյֆորիայով, այլ ներդրումային երկարաժամկետ երաշխիքներ են որոնում գործարար եւ օրենսդրական միջավայրում: Եվ նրանց բնավ չի էլ հետաքրքրում երկիրը կառավարող անձի տեսակը: Ուրեմն, ժամանակն է, որ հասկանանք, թե անձերի շուրջ համախմբվելուց զատ, ոչ պակաս կարեւոր է համախմբվել գաղափարների շուրջ:
Հենց այստեղ եմ տեսնում թավշյա հեղափոխության խորհուրդը, որին կարծես մեր օրերում այնքան ուշադրություն չի դարձնում հանրությունը: ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր