ՀՀ պետական համակարգը ուռճացված է և անարդյունավետ. Նիկոլ Փաշինյան
Պետական կառավարման համակարգն ուռճացված է: Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ՝ լսելով պաշտպանության, ֆինանսների ու արդարադատության նախարարների առաջարկները:
«Անկախ այս հարցի քննարկումից, պետական կառավարման համակարգն ուռճացված է, և կարծում եմ, որ սա ակնհայտ է բոլորին: Եվ այդ ուռճացվածության պատճառներով նաև անարդյունավետ է»,-հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց, որ այս հարցը նկատի են ունենալու բյուջետային հայտերի քննարկման ժամանակ: Նիկոլ Փաշինյանը նախարարներին կոչ արեց պատրաստ լինել լուծումների:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցեց, թե ինչպիսին է եղել պատկերը մինչև «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները. այն է՝ քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու իրավասությունը վերապահված էր այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովին:
«Ինչպես նաև նախատեսված չէր հանձնաժողովի ներքին գործավարություն իրականացնող պետական մարմինը: Կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել է, որ համապետական հանձնաժողովը քաղաքացուն այլընտրանքային ծառայության ուղարկելու կամ նրա դիմումը մերժելու մասին կայացնում է եզրակացություն, որը հաշվի առնելով՝ ՀՀ լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարը հրաման է ընդունում քաղաքացուն այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին»,-տեղեկացրեց Դավիթ Տոնոյանը:
Նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից, և հիմա առաջարկվում է, որ Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական ապահովության և Տարածքային կառավարման նախարարություններն իրենց ներքին հրամաններով (քանի որ իրենց ոլորտներում է լինելու այլընտրանքային ծառայողի հրամանագրումը և իրականացվելու վերահսկողությունը ) իրենք հրամանագրեն: Իսկ մերժումը պետք է իրականացվեր Արդարադատության նախարարության կողմից: Սակայն պարզվել է, որ թե՛ մերժման, թե ՛ հաստատման իրավասությունը մեկ լիազոր մարմնինն է: ՊՆ-ն առաջարկում է, որ դա լինի Արդարադատության նախարարությունը, ինչի համար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից որոշ հաստիքային ավելացումներ խնդրեց:
Նիկոլ Փաշինյանը, նախ, տարակուսեց, որ որոշման նախագծի փաթեթի մեջ նման ավելացումների մասին նշված է, ապա ասաց, որ կառավարությունը խոսում է օպտիմալացման մասին, մինչդեռ ՊՆ նախարարը՝ հաստիքների ավելացման:
«Պարոն վարչապետ, բավականին մեծ ՝ միանգամից մի քանի նախարարության գործառույթ և միևնույն ժամանակ ներքին գործավարություն է իրականացվելու»,-ժպիտով պատասխանեց Դավիթ Տոնոյանը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, որ պարտադիր վարչական ակտ պետք է կայացվի, և չի կարող լինել այնպես, որ բավարարումն իրականացնի մեկ վարչական մարմին, մերժումը՝ մեկ այլ վարչական մարմին, քանի որ դրա արդյունքում լինելու են վեճեր, դիմելու են դատարան: Չեն կարող թույլ տալ, որ դատարանում պարտության դեպքում մերժող մարմինը ստիպված լինի կայացնել թույլատվության որոշում: Կամ մեկ գործով լինի 2 պատասխանող: Արդարադատության նախարարությունը վստահեցրեց, որ այդ վեճերը հասնելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Այսպիսով, Արտակ Զեյնալյանը պնդեց, որ այստեղ քաղաքական որոշման խնդիր է: Պետք է որոշվի, թե որ Մարմինն է լինելու՝ Արդարադատության նախարարությո՞ւնը, թե Տարածքային կառավարման: Արտակ Զեյնալյանը լրացրեց, որ ՊՆ-ն լինել չի կարող, որովհետև շահագրգիռ կողմ է:
Ֆինանսների նախահայր Ատոմ Ջանջուղազյանն էլ առարկեց, որ նոր գործառույթ չի ավելանում, նախկիններն են, որոնք տեղափոխվում են և որ այդ գործառույթի իրականացման համար ուժեր են եղել, եթե անգամ դրանք ցրված են եղել տարբեր նախարարությունների մեջ:
Այսպիսով՝ ֆինանսների նախարարը պնդեց, որ կարելի է այդ ուժերը, այսինքն՝ նախկին հաստիքները կենտրոնացնել մեկ պետական մարմնում: Եվ երկրորդ՝ նոր հաստիքների բարձրացման հարցը, ըստ Ջանջուղազյանի, նշանակում է, որ կառավարությունը ելնում է նրանից, թե առկա է 100 տոկոսանոց արդյունավետություն և որ կառավարման ապարատի հաստիքները 100 տոկոսով արդյունավետ են:
Մի բան, որի հետ, ըստ Ջանջուղազյանի, հանրությունը այնքան էլ համաձայն չէ: Սրան արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանը. «Եվ ոչ միայն հանրությունը»: