Դավիթ Հարությունյանը մտահոգիչ է համարում ՀՀ 2-րդ նախագահի՝ քրեական հետապնդման մեջ լինելը
Ես ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում, որ հանրապետության երկրորդ նախագահը քրեական հետապնդման մեջ է. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես ասաց «ՀՀԿ» խմբակցության անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված մեղադրանքին:
Հարությունյանը հրաժարվեց մեղադրանք առաջադրելու որոշմանը գնահատական տալուց, քանի որ ըստ նրա՝ ծանոթ չէ այդ որոշմանը:
«Իսկ իրավական գնահատական տվել եմ այն հաղորդագրությանը, որն օրեր առաջ Միքայել Հարությունյանի հետ կապված հնչել էր մամուլում և գրեթե անփոփոխ հնչել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, և այդտեղ ես իրավական հատված չեմ տեսնում: Ինչ է առկա մեղադրանքում՝ չեմ կարող պատասխանել, դրա համար ձեռնպահ կմնամ իրավական գնահատական տալուց»,- ասաց նա:
Հարցին՝ ինչու է մտահոգիչ համարում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Բազմաթիվ պատճառներ կան, նախ կարծում եմ, որ եթե իրավական լուրջ փաստարկներ լինեին, պետք է ներկայացված լինեին նաև մամուլի հաղորդագրության մեջ, բայց ինչպես ես ասել եմ, չէին պարունակում իրավական տարրեր, ավելին, ես այնտեղ տեսնում էի սխալ մեկնաբանություններ և՛ օրենքի, և՛ տերմինաբանության»,- ասաց նա:
Նա նաև օրինակ բերեց. «Խոսվում է, որ բանակը կարող է օգտագործվել անվտանգության հարցերով, և գոնե ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդ նյութի հեղինակները ենթադրում են, որ ՀՀ անվտանգությունը միմիայն արտաքին սպառնալիքներից է կախված: Իրականում այդպես չէ, պետք է խորանալ իրավունքի մեջ, իմանալ օրենքները, անմիջապես պարզ կդառնա, որ ՀՀ–ի անվտանգությունն ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին կոմպոնենտ, և այդ իրավիճակում թույլատրելի է բանակի օգտագործումը»,- ասաց նա:
Ըստ Հարությունյանի՝ ցանկացած իրավաբանի համար դժվար չէ իմանալ, որ «Արտակարգ իրավիճակների մասին» օրենքը, որն ընդունվել է, նրա խոսքով, շատ ավելի ուշ՝ 2012թ-ին, այնտեղ ևս հնարավորություն նախատեսում է արտակարգ դրության ժամանակ ԶՈւ–ի օգտագործում:
Նա նշեց, որ այդ օրենքի նախագիծն անցել է Վենետիկի հանձնաժողովում և մտահոգություն չի առաջացրել, քանի որ նման դրույթ բազմաթիվ երկրներում օգտագործված է:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական կարգի խախտում ասելով՝ ինքը հասկացել է, որ եթե առնվազն պնդում լինի, որ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն է եղել, պետք է հիմքերը վերհանվեին և ոչ թե սկսեին նախագահից ու նրան մեղադրանք առաջադրեին:
Հարցին, թե նախագահի անձեռնմխելիության խախտում եղել է, և թե ինչ հիմքերով կարող են նախկին նախագահին պատասխանատվության ենթարկել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց՝ Սահմանադրությունը հստակ նախատեսել է՝ ՀՀ նախագահն ինչպիսի լիազորություններ ունի, և նախատեսել է, թե ինչ գործիքակազմ ունի նախագահը, որպեսզի իր լիազորությունները պատշաճ կյանքի կոչվեն:
«Արտակարգ դրություն հայտարարելը գործիքակազմ է, իսկ ինչո՞ւ է տրված նախագահին այդ գործիքակազմը, որովհետև նա պարտավոր էր ապահովել ՀՀ անվտանգությունը: Լիազորություններից բխող ցանկացած գործողություն չի կարող ենթադրել պատասխանատվություն այդ քայլերի համար, իսկ եթե դրանք չեն բխում նախագահի լիազորություններից, իհարկե, կարող են պատասխանատվության ենթարկել պարտականությունները կատարելուց հետո»,- ասաց նա:
ՀՀԿ-ական քաղաքական գործիչը նշեց, որ չպետք է նախագահը լինի կաշկանդված, հակառակ դեպքում, երբ լարված պահ է, ընդհուպ մինչև պատերազմական իրավիճակում նա կարող է լինել կաշկանդված՝ ենթադրելով, թե ինչ կլինի վաղը՝ իշխանափոխությունից հետո:
«Դրանք կարևորագույն նորմեր են, որոնք ամրապնդում են պետությունը, ոչ թե պաշտպանում են ուղղակի նախագահի պաշտոնը, դրանք պետության ամրապնդման հիմքեր են»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ 2008 թ-ին ստեղծված իրավիճակը ծանր էր, և ինքը կոնկրետ չի կարող մեղադրել մեկին, եթե կոնկրետ սպանությունները չեն բացահայտվել:
«Ինչ վերաբերում է արտակարգ դրություն հայտարարելուն, իմ գնահատականն այսպիսին է, որ իրավիճակն այդ օրերին Երևանի կենտրոնում այնպիսին էր, որ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի»,- ասաց նա:
Իսկ թե կիսում է Քոչարյանի այն դիտակումը, որ քաղաքական պրոցեսներից հեռացնելու համար է նրա դեմ մեղադրանք առաջադրվել, Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա քաղաքական գնահատական է:
«Ինչ-որ տենդենց կարող է նշմարվել. խոսքը վերաբերում է ոչ միայն Քոչարյանին, այլև ռազմական գործիչներին, ովքեր երկար տարիներ հստակ աներկբա դիրքորոշում են ունեցել մեր և Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում, ինչ-որ տենդենց տեսնում եմ, հենց այդ մարդկանց է մեղադրանք առաջադրվում: Այնպես որ որոշ մտահոգություններ այդ առումով կան»,- ասաց նա: