Հարձակումները լրագրողների վրա թիրախավորված են եղել. Ա. Մելիքյան
2018 թվականի 2-րդ եռամսյակում աճել է լրագրողների նկատմամբ բռնությունների և ճնշումների թիվը: Այսօր, ամփոփելով 2018 թվականի 2-րդ եռամսյակը, «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«2-րդ կիսամյակը ներառում է թավշյա հեղափոխությունը: Ցույցերի և դրանց հակազդման ոստիկանական գործողությունների ընթացքում ԽԱՊԿ-ը արձանագրեց ֆիզիկական բռնությունների 18 դեպք, տարատեսակ ճնշումների 8 դեպք»,-ասաց նա:
Աշոտ Մելիքյանի պնդմամբ՝ այդ բռնությունները գրեթե կանգ առան ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և ոստիկանությունն այլևս չէր հակազդում ցուցարարների և լրագրողների գործունեությանը:
«Հարձակումները լրագրողների վրա թիրախավորված են եղել, հիմնականում իրականացվել են ոստիկանների և նրանց հովանու տակ գործող քաղաքացիական հագուստով անձանց կողմից»,-նշեց Մելիքյանը:
ԽԱՊԿ-ն արձանագրում է, որ այդ ժամանակահատվածում իրավապահ մարմինները բավականին ակտիվորեն փորձել են հայտնաբերել մեղավորներին, սակայն ի վերջո իրավապահ մարմինների գործողություններն համարժեք չեն եղել այն բռնությունների ծավալներին, որոնք տեղի են ունեցել ապրիլ ամսվա ընթացքում:
«Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ 11 քրեական գործ է հարուցվել, մենք արձանագրել ենք ֆիզիկական բռնության և ճնշումների 26 դեպք, բայց հարուցվել է 11 քրեկան գործ, որոնցից 5-ում է, որ մեղադրանք է առաջադրվել, ընդամենը 3-ն են ուղարկվել դատարան և մեկի դեպքում ունենք դատավճիռ»,-հավելեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: