27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խորհրդարանը պահանջատեր է լինելու Կառավարությունից ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման հետ կապված. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 23-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Փլոսի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը, ինչպես նաև հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լիանա Մարուքյանը:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարևորել է խորհրդարանների միջև առկա հարաբերությունների զարգացումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև տնտեսական զարգացման հեռանկարներին: Գերմանացի խորհրդարանականը նշել է, որ Գերմանիայում կա հետաքրքրվածություն Հայաստանում ներդրումներ կատարելու հետ կապված և այս առնչությամբ կարևորել է ներդրումային անվտանգության ապահովումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ինչի հետ կապված հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ այն նախկին իշխանությունների արտաքին քաղաքականության ձեռքբերումն է, և խորհրդարանը պահանջատեր է լինելու Կառավարությունից ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման հետ կապված:

Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանը ևս շուտով կհամալրի համաձայնագիրը վավերացրած երկրների շարքը:

Արտաքին և անվտանգային քաղաքականությունների հիմնահարցերի հետ կապված հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը շարունակելու է նախորդ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը՝ փորձելով անել հնարավորը կառուցելու իր արտաքին քաղաքականությունը ոչ թե աշխարհաքաղաքական դերակատարների շահերի հակադրման, այլ համադրման սկզբունքի վրա:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տեղի ունեցող վերջին գործընթացներին, քննարկվել են ընտրական օրենսդրության բարեփոխումների հետ կապված հարցեր: Արմեն Աշոտյանն ԸՕ բարեփոխումների գործընթացում կարևորել է ընտրական բարեփոխումների կայացումը քաղաքական լայն համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ և միջազգային չափանիշների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ անկախ նրանից, թե Հայաստանում ինչպիսի ներքաղաքական զարգացումներ են ընթանում, անվտանգային և արտաքին քաղաքական հարցերում անգամ հակառակ բևեռներում գտնվող քաղաքական ուժերը փորձելու են անել հնարավորը՝ Հայաստանի պետական շահի խթանման համար: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ