Ընտրակաշառք եւ կուտակումներ Գյումրիի ընտրատեղամասերում
Գյումրիում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություներին արձանագրվող խախտումների մասին ահազանգում է ”Ասպարեզ” ակումբը: Ըստ այդ ահազանգերի` Գյումրիի ավագանու անդամության թեկնածուներից մեկը 1000-ական դրամ ընտրակաշառքով ընտրողներ է հավաքագրում ու գազելով տեղափոխում քվեարկության:
“Գյումրիում Շիրակացի փողոցում նախկին 10 հարկանու մոտ նկատվել է ՊԱԶ մակնիշի 45 644 պետհամարանիշով ավտոբուս, որից ընտրակաշառք են բաժանել: Ընտրությունների վերահսկման քաղաքացիական խմբերից մեկը հետապնդել է այդ ավտոբուսը եւ Բուլվարային թաղամասի մոտ հաջողացրել է մտնել ավտոբուս, ավտոբուսի մեջ գտել են Գյումրու Ավագանու անդամության թեկնածու Մերուժան Գաբոյանի բուկլետները եւ ընտրողների ցուցակներ, ինչն առգրավել են, ավտոբուսավոր ժողովուրդը փախել է”,- տեղեկացնում է “Ասպարեզ”-ը:
Ահազանգեր կան նաեւ, որ Գյումրու Անի թաղամաս են այցելել զինված մարդիկ` մեքենաներով, շրջել են, ազդանշաններ տվել եւ հեռացել:Դրանից բացի` առավոտնից Գյումրիում մոտ մեկ տասնյակ ՃՈ ավտոմեքենաներ եւ ոստիկանական այլ մեքենաներ սրընթաց երթեւեկում են այսուայն կողմ: Ըստ տեղեկությունների`այս մեքենաների առաքելությունը գազելներով ընտրողներին տեղափոխողների գործը խափանելն է:
“Ասպարեզը” ահազանգել է նաեւ ընտրատեղամասերում կուտակումների, խմբերով քվեարկության, մի շարք տեղամասերում ընտրությանը մասնակցած ընտրողների մեծ մասի տեսողական խնդիրներ ունենալու մասին` նշելով, որ ինչ-որ մարդիկ նրանց օգնում են մասնակցել քվեարկությանը: Նրանք եւս անդրադարձել են դրոշմակնիքների թանաքի ցնդելուն` նշելով, որ բերվել է նոր թանաք: