Մանե Թանդիլյանը չէր եկել, ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց պարտադիրին
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններին:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց լրամշակված օրինագիծը, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից եւ ըստ այդմ, 1974 թվականից հետո ծնված քաղաքացիների վրա կտարածվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Փոփոխությունների համաձայն՝ նախկին 5 տոկոսի փոխարեն քաղաքացին կուտակային ֆոնդին կփոխանցի իր եկամուտների 2․5 տոկոսը , իսկ համավճարի 7,5 տոկոսը կվճարվի պետական բյուջեից:
«Բայց այստեղ մի առաձնահատկություն կա, այն է, որ մենք վերաբերվում ենք այս մոտեցմանը՝ որպես ժամանակավոր լուծում այնքան ժամանակ, քանի դեռ մենք եկամտային հարկի դրույքաչափերը չենք վերանայել, և տրամաբանությունն այս դեպքում նույնպես այն է, որ մենք ունենք տնօրինվող եկամուտների վրա քիչ բացասական ազդեցություն կամ բացասական ազդեցություն չունեցող փոփոխություններ և դրանով հնարավորություն ընձեռենք այսօրվա աշխատողներին ոչ միայն կուտակել ապագայի համար՝ իրենց արժանապատիվ կենսաթոշակ ստանալու համար, այլ նաև այսօրվա իրենց կենսամակարդակի վրա ազդեցություն չունենա»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
Եկամտահարկի փոփոխության հարցի քննարկումները կառավարությունը կսկսի հուլիսից, նախ միջազգային փորձագետներ կհրավիրի, ապա հանրային քննարկում կսկսի: «Մենք չենք ուզում, որ դա լինի տեղային և ինչ-որ մի խնդրի հետ կապված լուծում, որովհետև կարծում եմ, որ ամբողջ համակարգը համապարփակ քննարկելու դեպքում կտա փոխզիջումային լուծումներ մեր առջև ծառացած խնդիրներին»,-ասաց ֆինանսների նախարարը:
Կենսաթոշակային կուտակային համակարգին միացած քաղաքացիների միջոցներից արդեն իսկ 120 մլրդ դրամ է կուտակվել, որի 70%-ը կներդրվի Հայաստանում: Ըստ ֆինանսների նախարարի, այս միջոցների վրա տարեկան 10-14% եկամուտ է ավելանում:
Նախագծի հիմնական զեկուցողն, ի դեպ, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էր, իսկ հրաժարականի դիմում ներկայացրած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, որի դիմումը վարչապետը դեռ չի ընդունել, հանձնաժողովի նիստին չէր եկել: Նա պետք է ներկայացներ բարեգործության մասին օրինագիծը, բայց կառավարության գրավոր տեղեկացմամբ, դա արեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: