24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խնդրենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը

 Հայոց ամբողջական դարձից և Հայրապետական գահի նորոգությունից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն անցկացնում է առանձնության մեջ` Սեպուհ լեռան Մանյա այրում, որտեղ էլ 325 թ. ի Տեր խաղաղությամբ ավանդում է իր հոգին:

Ավանդության համաձայն,  Սեպուհ լեռան շուրջը դեգերող հովիվները, պատահաբար մտնելով Հայոց Հայրապետի ճգնարանը, գտնում են նրա անշնչացած մարմինը և, չիմանալով անձի ով լինելը, ծածկում են քարակույտի տակ: Ս. Գրիգոր Լուսավորիչի աշակերտներից Գառնիկ Բասենցուն տեսիլքով հայտնվում է նշխարների տեղը: Այս գյուտից հետո Ս. Հայրապետի նշխարները տեղափոխվում ու ամփոփվում են Բարձր Հայքի Դարանաղի գավառի Թորդանգյուղում:

 Ս. Գրիգոր Լուսավորչի բոլոր նշխարները չէ, որ ամփոփվել են Թորդանում, այլ ոսկորների մի մասը տարվել է քաղաքամայր Վաղարշապատ և այլ վայրեր, մինչև անգամ Բյուզանդիոն և Իտալիա: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորչի` Վաղարշապատ տարված նշխարներից պատրաստվում է արծաթե Ս. Աջը, որը պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. այն սրբալույս մյուռոնի օրհնության գլխավոր սրբություններից մեկն է: Հունիսի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը : 

Եկեղեցին այսօր նշում է սուրբ նշխարների գյուտի տոնը և դրանից պարզ է դառնում, որ Եկեղեցին մի առանձնահատուկ երկյուղածությամբ ու մեծարանքով է վերաբերվում Աստծո սրբերի նշխարներին: Եվ կարևոր եմ համարում նշել, որ դա միայն ճշմարիտ քրիստոնյա եկեղեցու առանձնահատկությունն է: Երբ ուսումնասիրում ենք սրբերի վարքերը, ապա տեսնում ենք, որ Աստված՝ Ինքը, միշտ հոգ է տանում Իր նվիրյալների մարմինների մասին ևս, որպեսզի դրանք երբևէ չկորչեն, այլ արժանի պատիվ ստանան: Եվ Աստված է, որ հրաշագործ ու բուժիչ ուժով է օժտում այդ երանելիների մասունքներն ու մեծ փառքի արժանացնում դրանց: Չէ՞ որ հանուն արդարների է, որ Աստված մինչև այժմ խնայում է մեր այս մեղավոր աշխարհը: 

Բազմաթիվ են սրբերի նշխարների հետ կապված հրաշքներն ու բժշկությունները և պատմության մեջ բազմիցս ենք հանդիպում դեպքերի, երբ տարատեսակ դժվարությունների մեջ հայտնված մարդիկ սրբերի օգնությանն են դիմում և ստանում իրենց խնդրածը:

Քանի որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի անդադար աղոթքները շարժեցին Բարեգութ Երկնակալի ողորմածությունը հայ ժողովրդի և Եկեղեցու հանդեպ, Աստծո կենարար լույսը սփռվեց մեր հողի վրա և փրկության հույսն ավետվեց ամենքիս, ապա այսօր, այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մենք էլ խնդրենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը՝ նախ Հայոց Աշխարհի խաղաղության ու բարգավաճման համար, այնուհետև՝ ամենքիս հոգևոր աճի համար, որպեսզի մենք էլ արժանի լինենք Աստծո լույսն ու սրբությունը կրելու ինչպես մեր հոգիներում, այնպես էլ՝ մեր մարմիններում և տարածելու՝ ի փառս Ամենասուրբ Երրորդության:

Սրբերի հիշատակությունն անխախտ պահենք մեր սրտերում և երկյուղով անցնենք մեր կյանքի ճանապարհը, որպեսզի չապականեք մեր մարմնի տաճարը, որն ի սկզբանե ստեղծված է Սուրբ Հոգու տաճար լինելու համար: Մշտապես հիշենք, որ սրբերն աստվածային շնորհ են ստացել մարդկանց օգնելու համար և նույնիսկ մարդկային գիտակցությանն անելանելի թվացող իրադրությունն ի վիճակի է լուծվել՝ սրբերի նշխարներին մաքուր սրտով մոտենալու ու նրանց բարեխոսությունը խնդրելու պարագայում:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ