՛՛Մենք թաղման վարպետ չենք՛՛
_1393323932.jpg)
՛՛Մենք գործ ունենք խճճելու մեծ վարպետների հետ՛՛,-քիչ առաջ նկատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն՝ արտահերթ ելույթում անդրադառնալով ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի կողմից գազային հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:
՛՛Բոլորդ հիշում եք, որ չորս քաղաքական ուժերը, իմ կողմից շատ հարգված, ներկայացրին նախագիծ ու ես ասացի, որ մենք անպայման անդրադառնալու ենք, հնարավորություն ենք ստեղծելու հարցը քննարկելու, որովհետև հանրության բոլոր շերտերին հետաքրքրում են այդ հարցերի պատասխանները:
Մենք կուսակցությունում քննարկեցինք, Հանրապետության նախագահին առաջարկեցինք ստեղծել հանձնաժողով ավելի լայն լիազորություններով և եթե նկատում եք ձեր նախագծի բոլոր հարցերը ընդգրկված են մեր առաջարկվող նախագծի մեջ ու կան նաև այլ տարբեր հարցեր, որոնք մենք ենք առաջարկել՛՛,-մեծամասնության դիրքորոշումը հստակեցրեց ԱԺ նախագահը՝ հորդորելով ազնիվ լինել եւ պատասխանել՝ ինչու են իրենց քննադատում:
Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիտարկումներին, թե իշխող մեծամասնությունը ուզում է թաղել մի քանի հարցերի պատասխանները, Հովիկ Աբրահամյանը հակադարձեց.
՛՛Ասում եք՝ ուզում ենք թաղել:: Մենք թաղելու վարպետ չենք, թաքցնելու վարպետ չենք, չունենք այդ փորձը: Ուղղակի ուզում ենք հնարավորություն ստեղծել, հարցը մենք քննարկել ենք, ու նախագահը հստակ ասել է, որ եթե կան մարդիկ, ովքեր չարաշահել են իրենց պաշտոնը, զբաղվել են ապօրինություններով, պիտի պատասխան տան:
Հիմա ինչի՞ եք վարկաբեկում այդ չստեղծված հանձաժողովը: Ինձ մոտ տպավորություն կա, որ չեք էլ ուզում այդ հանձնաժողովը ստեղծենք, սկսում եք ի սկզբանե ասել, թե թաղում ենք, թաքցնում ենք…՛՛:
Հանձնաժողովի դռնփակ լինելու հետ կապված . ՛՛Եթե որոշ մարդիկ կան, որ ուզում են դեմագոգիայով զբաղվեն, ես դեմ եմ: Բազմաթիվ հանարավորություններ ունեն այդ մարդիկ դեմագոգիա անելու, կամերաների առաջ խոսելու: Ես կարծում, եմ, որ հանձնաժողովը դրա համար չէ, այն պետք է լինի լուրջ լծակ՛՛:
Վերջում Հովիկ Աբրահամյանը ՛՛պարբերաբար բռնկվող գործիչներին՛՛ հորդորեց հանդարտ լինել՝ նշելով, թե հանդարտությունը լավ բան է: ՛՛Բոլորն էլ կարող են պարբերաբար գոռալ, խոսել, բայց բոլորը լավ հասկանում են, լսում են՛՛: ԱԺ նախագահը հիշեցրեց. ՛՛Հիշեք՝ հորդառատ անձրևը շուտ է կտրվում՛՛: