Ով գալիս էր ՀՀԿ-ից վերցնելու իր պաշտոնը, հանգիստ կյանքը, շփոթվել է
«Սա քաղաքական գործընթաց է, որը հատուկ է ոչ միայն Հայաստանին , այլեւ այլ երկրներին: Երբ տեղի են ունենում վերադասավորումներ, տարբեր քաղաքական գործիչներ եւ պատգամավորներ իրենց պահում են տարբեր կերպ եւ պետք չէ զարմանալ, որ կլինեն մարդիկ, ովքեր կլքեն մեր խմբակցությունը: Դա իրենց իրավունքն է», – Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հանրապետական խմբակցությունից գործարար պատգամավորների հեռանալու փաստին, նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, այսօր ՀՀԿ խմբակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ավելի վաղ խմբակցությունը լքել էին պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Գևորգյանը, Արտակ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արման Սահակյանը: Շարմազանովի խոսքով, կուսակցության համար այս հարցն անակնկալ չէր: ՀՀԿ նախագահն ինքն է բազմիցս նշել, որ նրանք, ովքեր ուզում են լքել Հանրապետականը, ազատ են:
Էդուարդ Շրմազանովը շեշտեց՝ շարունակում է մնալ Հանրապետականում եւ շարունակում է գործել ՀՀԿ գաղափարախոսությամբ՝ ազգային պահպանողականություն, նժդեհյան արժեքներ եւ քրիստոնեություն : «Գուցե կան մարդիկ, որոնք իրենց չեն պատկերացնում որպես ընդդիմություն, դա իրենց իրավունքն է, այդ մարդկանց հետ մենք աշխատել ենք 10 -ը տարի եւ ես բացի լավից չեմ պատրաստվում որեւէ այլ բան ասել նրանց հասցեին: Բոլորին հաջողություն եմ մաղթում»,- Henaran.am-ին ասաց ԱԺ փոխնախագահը:
Հանրապետականում մտահոգություն չունեն, որ կուսակցությունից արտահոսք կսկսվի:
«Աշոտ Նավասարդյանը ասել է՝ Հանրապետական կուսակցություն գալիս են տալու՝ ջանքերը, գաղափարները նվիրումը, բայց ոչ երբեք վերցնելու: Ով գալիս էր ՀՀԿ-ից վերցնելու իր պաշտոնը, խաղաղ եւ հանգիստ կյանքը, շփոթվել է, գուցե շատ դեպքերում մենք սխալվեցինք եւ ձախողվեցինք, որ շատերը մտան Հանրապետական ոչ թե Աշոտ Նավասրդյանի հորդորով, այլ մտան ստանալու նպատակով», -շեշտեց Շարմազանովը. «Հանրապետականը անկախական շարժումն է, Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Վազգեն Կարախանյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, այն մարդիկ, որոնք անկախական շարժումն են ստեղծել: Հանրապետականը, ի վերջո, մեր երկարաժամկետ աշխատանքն է, գաղափարախոսությունը: Հանրապետականը ունի ոգի, որը ուժեղ է, ազնիվ ու մաքրամաքուր ՝ մեր ակունքների նման: Մենք պետք է վերադառնանք մեր ակունքներին եւ շարունակենք աշխատանքը»: