Այսօր աղքատ եւ հարուստ խավերի միջեւ կենսամակարդակի եւ եկամուտների առումով մեծ տարբերություն կա. նախարար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ասում է, որ կառավարության ծրագիրը կազմելիս ֆիքսել են ներկա քաղաքական իրողությունը և հենց դրանից էլ բխեցրել ծրագրի մանրամասները:
«Մենք ապրում ենք պատմական ժամանակներում, և սա նախատեսված էր սահմանադրությամբ: Այո, այն տնտեսական պետք է լինի, կան սկզբունքներ, մոտեցումներ, տեսլական, դրանից բխող գործողություններ»:
Հարցին, թե սոցիալական ոլորտում ինչ փոփոխություններ են նախատեսում, Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ պաշտոնավարման երկու շաբաթների ընթացքում ինքը ծանոթացել է ոլորտի յուրահատկություններին, խնդիրներին, դրանք հիմնականում կախված են սոցիալական աջակցության, սոցիալական արդարության սկզբունքների հետ, երեխաների խնամքի և այլնի հետ: «Աշխատանքները, ծրագրերը կան ու արվում են: Ես կցանկանամ, որ մենք հասկանանք, որ այս նախարարությունը աշխատանքի նախարարություն է, գործազրկությունը և աղքատությունը հաղթահարելու ճանապարհը ևս մեր աշխատանքն է»,-նշեց նա:
Նախարարը նաև հավելեց, որ այսօր աղքատ եւ հարուստ խավերի միջեւ կենսամակարդակի եւ եկամուտների առումով մեծ տարբերություն կա, իսկ միջին խավը շատ փոքր տոկոս է կազմում: «Չէի ուզենա այս պարագայում խոստումներ տալ, բայց մենք հասկանում ենք, որ կան քաղաքացիներ, որոնք պետությունից ստանում են այնպիսի հատկացումներ, որոնցով դժվար է անգամ առաջին անհրաժետության կարիքները հոգալ։ Դա մեր ուշադրության կենտրոնում է: Միասին կաշխատենք լուծումների ուղղությամբ», – ասաց նախարարը: