Պաշտոնյան պետք է մշտապես հասանելի լինի հանրության համար. Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Տավուշի նորանշանակ մարզպետին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին։
Նախարար Պապիկյանը, շնորհավորելով նորանշանակ մարզպետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշել է, որ իշխանությունների առջև այժմ ծառացել են նոր մարտահրավերներ և յուրաքանչյուրի խնդիրն է, գիտակցելով պահի լրջությունը, գործադրել առավելագույն ջանքեր իրական ժողովրդավարության հասնելու համար: «Մենք պետք է չհիասթափեցնենք մեր հասարակությանը, պաշտոնյան պետք է մշտապես հասանելի լինի հանրության համար: Իրավասություններ ունենալուց զատ, մենք պարտավոր ենք հիշել, որ ունենք նաև ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով ստանձնած պարտավորություններ և դա ՀՀ ժողովրդին ծառայելն է»,- շեշտել է Սուրեն Պապիկյանը։
Նախարարն ընդգծելով Տավուշի՝ սահմանապահ մարզ լինելու հանգամանքը` ասել է, որ սահմանապահ համայնքները Հայաստանի Հանրապետության սիրտն են, նրա կենտրոնը, միաժամանակ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը կանգնած է տավուշցիների թիկունքին և կանի հնարավոր ամեն բան` նրանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար:
Սուրեն Պապիկյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաև մարզպետների հետ հանդիպման ժամանակ վարչապետի կողմից տրված ուղերձին, համաձայն, որի յուրաքանչյուր մարզ պետք է ունենա բիզնես ծրագրերի փաթեթ, որը հնարավորություն կտա ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող սփյուռքից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին առաջարկել արդեն պատրաստի բիզնես ծրագրեր։
Նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանը իր պատրաստակամությունն է հայտնել մարզխորհրդի և համայնքապետերի հետ միասին հարազատ լինել կառավարության որդեգրած քաղաքականությանն ու նախարարի կողմից հնչեցված ցուցումներին և վստահեցրել, որ քսանչորս ժամ հասանելի կլինի մարզի յուրաքանչյուր բնակչի համար։