24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագիրը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Մայրաքաղաքում վեցերորդ տարին անընդմեջ կանցկացվի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ հագեցած կրթամշակութային, զբոսաշրջային և մարզական բաղադրիչներով: «Երևանյան ամառ 2018»-ը նվիրված է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Ծրագրում ընդգրկված է ավելի քան 50 ինչպես ավանդական դարձած, այնպես էլ նոր միջոցառում. փառատոներ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցույթներ, ինչպես նաև օրացուցային տոներ:

Ծրագրի մանրամասները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Արազ Բաղդասարյանը մասնավորապես հատկանշել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր հիմնական նպատակը եղել և շարունակում է մնալ մայրաքաղաքի ամառային կյանքն առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելը:

«Արդեն իսկ կարող ենք փաստել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 6-րդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացվող եռամսյա այս ծրագիրը հասցրել է սիրվել թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերի կողմից: Ծրագիրն, ինչպես միշտ, կազմվել է այնպես, որ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա գտնել իր համար նախընտրելի միջոցառում: Նշեմ նաև, որ դրանք կանցկացվեն ոչ միայն Երևանի քաղաքապետարանի կողմից, այլ նաև համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում», – նշել է Արազ Բաղդասարյանը:

«Երևանյան ամառ 2018» ծրագրի բոլոր միջոցառումները կառանձնանան համապատասխան ու արդեն ծանոթ տարբերանշանով, ինչը խորհրդանշում է ուրախ և գունեղ ամառ, որոնք ուղղված են քաղաքացիների համար հետաքրքիր առօրյայի կազմակերպմանը: Մշակվել է նաև միջոցառումների բրենդբուքը:

Անդրադառնալով «Երևանյան ամառ 2018»-ի միջոցառումներին` քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն էլ նկատել է, որ եռամսյա ծրագրում ներառվել են ինչպես բացօթյա, այնպես էլ դահլիճային մի շարք նախաձեռնություններ: Ընդգծելով մայրաքաղաքի համաչափ զարգացման կարևորությունը՝ ծրագրի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված  մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, զբոսայգիներում և հանգստի գոտիներում:

«Եռամսյա միջոցառումների ծրագիրը կմեկնարկի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մայրաքաղաքում ամառը հագեցած կլինի հատկապես ավանդական դարձած և սիրված փառատոներով՝ այդ թվում «Համովհոտով Երևան», «Երևան ՏԱՐԱԶֆեստ», «Ֆրեսկո», Գարեջրի և Ձմերուկի փառատոները: «Երևանյան ամառ 2018» ծրագրով այս տարի առաջին անգամ կանցկացվի «Երևան Քվեսթ» ինտելեկտուալ մրցույթ, «Ես և բնությունը» բնասիրական դիմակահանդես, «Երաժշտություն անիվների վրա» երաժշտական զբոսանք Երևանով, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ», – նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:

Իր հերթին ընդգծելով, որ «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը նպաստում և խթանում է նաև մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը՝ տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն էլ նշել է, որ Երևանում անցկացվող փառատոներն արդեն հասցրել են հետաքրքրել  օտարազգիներին, ինչի շնորհիվ այս տարի ակնկալվում է փառատոներին մասնակիցների աշխարհագրության ընդլայնում:

«Երևանի քաղաքապետարանը պարբերաբար ուսումնասիրում է Երևան այցելող զբոսաշրջիկների հետաքրքրությունները և փորձում մշակել տարբեր նախագծեր, որոնք է՛լ ավելի գրավիչ կդարձնեն մայրաքաղաքը զբոսաշրջիկների համար և կապահովեն հետաքրքիր ժամանց: Ի դեպ, շուտով Երևանում կբացվեն զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերը, որոնք անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն մայրաքաղաք այցելած օտարերկրացիներին», – նշել է Գևորգ Օրբելյանը:

Անդրադառնալով տուրիզմի բաժնի կողմից «Երևանյան ամառ 2018» ծրագրի շրջանակում նախատեսվող նորույթներին՝ նաև նշվել է, որ առաջիկայում հանրությանը նորովի կներակայանան «Երևան Սիթի տուր» երկհարկանի ավտոբուսները: «Բացահայտենք Երևանը» և «Եկեք տոնենք միասին» կարգախոսերով կկազմակերպվի ցերեկային ու գիշերային զբոսանք՝ զբոսաշրջիկներին և մայրաքաղաքի հյուրերին ծանոթացնելով Երևանի տեսարժան վայրերին և պատմամշակութային հուշարձաններին:

Այս տարի «Երևանյան ամառ 2018»-ը և հատկապես հուլիս ամիսը հագեցած կլինեն մարզական միջոցառումներով: Այս համատեքստում Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում առաջին անգամ կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց հոկեյի առաջնություն: Ի դեպ, եռամսյա միջոցառումների ծրագրում հատուկ շեշտադրում ունեն հաշմանդամություն ունեցող անձանց համար և նրանց մասնակցությամբ միջոցառումները: Մարզական միջոցառումների շարքում այս տարի առաջին անգամ կօգտագործվի նաև Երևանյան լիճը, ուր  սպասվում են ջրային մարզաձևերի ցուցադրական ելույթներ:

«Երևանյան ամառ 2018»-ի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ օր Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Ժամանակակից արվեստի և Կ. Դեմիրճյանի անվան թանգարաններում, ինչպես նաև «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահում ու «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում այցելուների մուտքը կլինի ազատ: Մայրաքաղաքի ծննդյան 2800-ամյակին նվիրված «Երևանյան ամառ 2018» միջոցառումները կամփոփվեն օգոստոսի 31-ին՝ «Ցտեսություն ամառ» ծրագրով:

 

Բանախոսները նշել են, որ միջոցառումների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ հատուկ այդ նպատակով տպագրված տեղեկատվական բուկլետներից, որոնք տրամադրվելու են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակներից և զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերից, այնպես էլ բաժանվելու են:

Հարկ է նշել, որ ծրագրի մասին տեղեկատվությունը հասանելի է նաև www.yerevan.am և www.myYerevan.am կայքերում, ինչպես նաև սոցիալական հարթակներում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ