«Կան մտավախություններ, բայց Աստված տա՝ իրենց աշխատանքով փարատեն»
«Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանի ելույթը բավականին խոստումնալից էր, և որևէ շեղում չկար մեր ծրագրից, և եթե կառավարության ծրագիրը լինի նույն ոգով, մենք կողմ կքվեարկենք, իհարկե»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղադասարյանը:
Նոր կառավարության կազմի մասին հարցին ի պատասխան՝ նա նշեց թույլ տալ որոշ ժամանակ հետո մեկնաբանել: «Կան մտավախություններ, բայց Աստված տա՝ իրենց աշխատանքով փարատեն այդ մտահոգությունները: Կարող է գնահատականները մի քիչ խիստ լինեն, բայց եթե այսօրվա կառավարությունը մի քայլ անի, դա կարող է մեկի սրտով լինել, տասի սրտով չլինել։ Ես կառավարության այսօրվա գործունեությանը չեմ ուզում գնահատական տալ»,-ասաց նա:
Բաղդասարյանը նաև իր կուսակիցներին կոչ արեց չշտապել հայտարարությունների մեջ՝ ընդգծելով.
«Ամեն ինչ նոր է, քայլեր են կատարվում, հայտարարությունների մեջ մեկ-մեկ շտապողականություն են ցուցաբերում, բայց ամեն ինչ պետք է հիմքեր ունենա, նոր հանրությանը տեղեկացնեն։ Շատ վատ է, որ առանց վերջանական արդյունքի հանրության մեջ աժիոտաժ է առաջանում»։