Գագիկ Ծառուկյանը մեծ վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից է. Զոհրաբյան
«Մենք հաճախ ենք հանդիպում մեր կառույցների ղեկավարների հետ եւ քննարկում մեր կուսակցության վերաբերյալ խնդիրները»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ ի պատասխան հարցին, թե ԲՀԿ այս պահին բացում է նախընտրական շտաբներ: Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ իրենց կուսակցության գրասենյակները միշտ բաց են եղել:
Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին շեշտեց.«Պետք է հասկանանք, որ այսօր մեր երկրում ստեղծվել է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ եւ դրա լուծման իրավական լուծումը մեկն է` արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ԲՀԿ-ն հենց վաղն էլ պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք նաեւ հասկանում ենք, որ մինչ ընտրությունները պետք է լուծվեն մի քանի իրավական հարցեր , մասնավորապես «Ընտրական օրենսգիրքը, ռեյտինգային տարածքային ցուցակների հանում, մասնավորապես միասնական մատնահետքի ներառում կամ որեւէ այլ մեխանիզմի ներդում, որը կբացառի կրկնակի քվերակությունը: Եթե լինի քաղաքական կոնսենսուս, կարծում եմ, որ մինչեւ հուլիս կարող ենք ավարտել Ընտրական օրնեսգրքի փոփոխությունը եւ աշնանը գնալ ընտրությունների»:
Ի դեպ, Զոհրաբյանը հավելեց՝ ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի մեծամասնություն վերցնելու ճանապարհով, քանի որ ԲՀԿ-ն ունի հանրային վստահություն: Դիտարկմանը, թե այդ դեպքում Գ. Ծառուկյանի վարկանիշն ավելի բարձր է Նիկոլ Փաշինյանի վարկանիշից, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ Գագիկ Ծառուկյանը մեծ վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից է: