Ինչքան որ վարչապետն իրավունք չունի դատական համակարգին միջամտել, այնքան էլ ՏԻՄ-երին. Շարմազանով

ՏԻ մարմինը, որը ընտրվել է ժողովրդի քվեով, պետք է շարունակի իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ինձ համար առնվազն անակնկալ է, որ վարչապետն ասում է, թե ինքը դատական համակարգին չի միջամտելու, բայց միջամտում է օրենսդիրի կամ ՏԻՄ-ի աշխատանքներին: Ինչքան որ իրավունք չունի դատական համակարգին միջամտել, այնքան էլ ՏԻՄ-երին»,-ասաց նա:
Նա վսահեցրեց, որ Հանրապետական կուսակցությունում Տարոն Մարգարյանի հրաժարական տալու մասին հարց չի քննարկվոմ: «Տարոն Մարգարյանը բավականին հաջող քաղաքապետ է և մեծ ժողովրդականություն է վայելում»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանը ընտրակաշառքներով է ընտրվել որպես Երևանի քաղաքապետ, Շարմազանովը արձագանքեց. «Ես էլ կարող եմ շատ բան ասել, շատերի մասին: Եթե կան փաստեր, թող փաստեր ներկայացնեն»:
Նա նկատեց, որ ոչ վարչապետը, ոչ նախագահը եւ որևէ այլ ոք չեն կարող ստիպել ընտրված մարդուն անել հակաօրինական քայլեր: