Բարեկամս, պարզապես տեղեկացնեմ, որ ՀՀ քաղաքացիները առնվազն 26 ու կես տարի ապրում են անկախ Հայաստանում. Շարմազանովը՝ Կոնջորյանին

«Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Հայկ Կոնջորյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին առաջին ելույթի ժամանակ նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացուն, ոչ թե՝ ժողովրդին. «Որովհետև քաղաքացին է, որ վերջին ժամանակներում Հայաստանը վերադարձրեց իրապես ՀՀ քաղաքացուն: Մենք պատմական սերունդ ենք, որովհետև վերջին 900 տարիների ընթացքում մենք քաղաքացիների առաջին սերունդն ենք, որը ապրում և գործում է անկախ պետականության մեջ, որ նստում ենք այս պառլամենտի դահլիճում և կարողանում ենք մեր երկրի ճակատագիրը մեր ձեռքերով կառուցել: Նոր Հայաստանը պետք է դառնա մի շարք հին ճշմարտությունների մերժան ճանապարհով կառուցվող Հայաստան»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նրան արձագանքեց այսպես. «Բարեկամս, պարզապես տեղեկացնեմ, որ ՀՀ քաղաքացիները առնվազն 26 ու կես տարի ապրում են անկախ Հայաստանում: Սխալ է ցանկացած ներքաղաքական պայքար նույնականացնել արցախյան կամ Սարդարապատի պայքարի հետ: Պետք է էլեմենտար ակնածանք և հարգանք ունենալ թե՛ արցախյան շարժման, թե՛ այդ շարժման մասնակիցների նկատմամբ, որոնք մեզ նվիրել են անկախ Հայաստան»: