Սերժ Սարգսյանը խոստացել էր
Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում 418 ծուխ է ծխում: Բնակչության թիվը ոչ միայն չի հասնում 1400-ի, այլև գյուղն աստիճանաբար ծերանում է: Համայնքի երիտասարդ ուժը մեկնում է արտագնա աշխատանքի: Տոկոսային հարաբերությամբ` դա կազմում է բնակիչների 40 տոկոսը, ու գյուղն աստիճանաբար դատարկվում է:
Բայց սա հարթագյուղցիների առաջ ծառացած միակ խնդիրը չէ: Գյուղի բնակիչների առաջնային խնդիրների շարքում է տեղական նշանակություն ունեցող ջրամբարի կառուցումը: Գյուղն ունի 100 հա հողատարածք, որն ոռոգվում է էլեկտրաէներգիայի միջոցով: Ու քանի որ Էլեկտաէներգիայի թանկության պատճառներով այդ տարբերակը գյուղացիներին “ձեռք չի տալիս”` համայնքի բնակիչներն ստիպված մշակում են հողատարածքի ընդամենը 24 հա-ն (ցանում են կարտոֆիլ, կաղամբ, գարի և ցորեն) և զբաղվում նաև անասնապահությամբ:
Մի խոսքով, պետական աջակցություն չկա. գյուղացիներն “իրենք են իրենց գլխի չճարը տեսնում” ու հանապազօրյա հացի խնդիր լուծում: Այն, ինչ արվել է “պետական մասշտաբով” դա գյուղում համայնքային նշանակություն ունեցող երկհարկանի շենքի կառուցումն է, որի համար Լոռու մարզպետարանը կատարել է 30 մլն.-ի, իսկ սոցիալական հիմնադրամը ավելի քան 130 մլն.-ի ներդրում: Հարթագյուղի ղեկավար Անդրանիկ Հարությունյանը ընդգծում է` “կառույցը հանրապետության նախագահի խոստումն է”:
Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայթագյուղ կատարած շրջայցի ժամանակ բնակիչներին խոստացել էր, որ գյուղում կկառուցվի երկհարկանի շենք: Դե խոստումն էլ գործ է դարձել:
Անդրանիկ Հարությունյանի խոսքով` շինությունը վերջնական տեսքի բերելուց հետո այնտեղ կտեղափոխվեն համայնքային ենթակայության բոլոր կառույցները (գյուղապետարան, բուժկետ, գրադարան, մշակույթի տուն):
Թե այդ բոլոր հաստատություններն ինչպես կհամատեղեն իրենց գործունեությունը մի հարկի ներքո, այնքան էլ չի մտահոգում գյուղապետին: Կարևորն այն է, որ դրանք այլևս չեն գործի ժամկետանց վագոն –տնակներում, ուր տեղափոխվել էին 1988-ի եկրաշարժից հետո:
Արմինե Մկրտումյան