Արայիկ Հարությունյանը Ռոբերտ Նազարյանին առաջարկել է ուսումնասիրություններ կատարել Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին մասնակցել է ՀՀ հանրային ծառայությունները և ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորողպետական հանձնաժողովների համատեղ նիստին:
Պետական նախարարը, ողջունելով նիստի մասնակիցներին, նախ շնորհավորել է Բերձորի ազատագրման 26-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ ավելի քան յոթ տասնամյակ արհեստական բաժանումից հետո Մայրհայրենիքի հետ Արցախի վերամիավորումը կարևոր իրադարձություն է հայության համար:
Ա. Հարությունյանը բարձր է գնահատել անցած տարիների ընթացքում երկու հանձնաժողովների կատարած համատեղ աշխատանքն՝ ընդգծելով, որ դրա արդյունքները լավագույնս արտացոլված են Արցախի տնտեսությանզարգացման ցուցանիշներում: Հաշվի առնելով առկա արդյունավետ աշխատանքի փորձը՝ պետնախարարը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին առաջարկել է ԱՀգործընկերների աջակցությամբ լայնածավալ ուսումնասիրություններ կատարել Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում՝ պարզելու առկա սակագների հիմնավորվածությունը:
«Մեր հայրենակիցները հաճախ և պարբերաբար բողոքում են հեռահաղորդակցության ոլորտի խնդիրներից: Մասնավորապես, դժգոհության առիթ են հանդիսանում մատուցվող ծառայությունների որակը և դրանց դիմացվճարվող սակագները: Այս խնդիրը վերջնականապես ու հիմնավոր լուծելու համար իշխանությունը վճռական է տրամադրված, և ես խնդիր եմ դնում ուսումնասիրել նաև կապի օպերատոր հանդիսացող ընկերությանղեկավարության այս կապակցությամբ արվող հիմնավորումները և մեզ տրամադրել ընթացիկ ժամանակաշրջանի օբյեկտիվ պատկերը, որպեսզի մեր կողմից կայացվեն համապատասխան և ճիշտ որոշումներ»,- ասել է Ա. Հարությունյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Արցախի հետ իրենց կառույցի համագործակցությունը բարձր գնահատելու համար՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանը նշել է, որ առաջարկը կիրականացնեն բարձր պատասխանատվությամբ:
«Եթե անհրաժեշտ է, երկարաժամկետ ընթացքով Արցախ կգործուղենք մեր մասնագետներին, որպեսզի ուսումնասիրություններն իրականացնեն պատշաճ և ժամանակին: Մեր խնդիրն է պաշտպանել ինչպես ներդրողի, այնպես էլ սպառողի շահերը և հավասարակշռել դրանք»,- նշել է Ռ. Նազարյանը:
— ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին