Փրկրարարները հայտնաբերել են Մեղրիի մոտակա սարում կորած օտարերկրյա քաղաքացիներին

Մայիսի 17-ին, ժամը 17:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մոտակայքում օտարերկրյա քաղաքացիները կորել են, տրամադրել են GPS համակարգով ստացված կոորդինատները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացիները գտնվում են Նոր Առաջաձոր գյուղի մոտակա սարում:
Ժամը 20:23-ին որոնողական աշխատանքների արդյունքում Դավիթ Բեկի ջրամբարի մոտակա անտառում փրկարարները հայտնաբերել են ցեխակույտում արգելափակված «Toyota 4Runner» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ալեքսանդր Բյուն, ծնված 1994 թ.), և ուղևորներին՝ Վելինա Փիչին (ծնված 1993 թ.), Վելինե Էքսշտայնին (ծնված 1991 թ.) և Մաքսիմիլա Օլիին (ծնված 1992 թ.): Օտարերկրացիները Գերմանիայի քաղաքացիներ են:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան և քաղաքացիներին ուղեկցել Կապան քաղաք: