Քրեկան գործեր. Ոստիկանները շարունակում են խոշտանգումներ ու կեղծիք կատարել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Այսպես, սպանության դեպքի վերաբերյալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Վ. Օ.-ն 12.04.2018թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայտնել է, որ սպանություն կատարելու կասկածանքով 27.04.2017թ.-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ հիշյալ բաժնի աշխատակիցները խոշտանգել են իրեն. ծեծի ենթարկելով ստիպել են խոստովանել իր կողմից չկատարված հանցանքը:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված մեկ այլ քրեական գործի նյութերի համաձայն` դեռևս 08.02.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցը նյութեր է նախապատրաստել առանց համապատասխան փաստաթղթի առկայության, գողացված խողովակներով բեռնված բեռնատարի հայտնաբերման դեպքով: Այդ կապակցությամբ հիշյալ բեռնատարի վարորդը հրավիրվել է ոստիկանության բաժին, որտեղ, ըստ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի, վերջինս, իբր, ներկայացրել է խողովակների տեղափոխման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, որի հիմքով էլ քրեական գործ չի հարուցվել:
Սակայն հետագայում հիշյալ խողովակների գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Աշտարակի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վերը նշված բեռնատարի վարորդն իր ցուցմունքով հայտնել է, որ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել ոստիկանության աշխատակցին և բացատրություն է տվել վերջինիս թելադրանքով: Բացի այդ, քննության ընթացքում պարզվել է նաև, որ բացատրությունում նշված որոշ տվյալներ էլ կեղծվել են հիշյալ ոստիկանի կողմից:
Կատարվում է նախաքննություն: