«Տեր-Պետրոսյանն իր կերպարով փորձում է ակտիվացնել ՀԱԿ կուսակցությունը»
«Սա այն դեպքերից է, որ մեր տեսակետներն ամբողջությամբ համընկնում են` սաբոտաժ չկա և չի էլ կարող լինել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է, և մեր դերակատարությունն է ապահովել բազմակարծություն և այլակարծություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետ տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել էր, որ ոչ մի սաբոտաժ չկա:
«Սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, որովհետև ՀՀԿ-ն, կանգնելով մեր պետականության վերականգնման ակունքներից առ այսօր երկրում տեղի ունեցող ազգային և պետական արժեք ունեցող խնդիրների կողքին, իրեն չի կարող թույլ տալ մանրախնդիր և քենախնդիր լուծումների գնալ», – ասաց Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններին՝ Աշոտյանն ասաց. «Տեր-Պետրոսյանը, մտածելով, որ սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իր կերպարով փորձում է ակտիվացնել Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը»: