Ես ոչ մի սաբոտաժի տարր չեմ տեսնում. Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանի դեմ ակցիաներից
Երևանում և մարզերում երեկվանից մեկնարկած մի շարք բողոքի ակցիաներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սաբոտաժի տարրեր չի տեսնում: Այս մասին նա նշեց այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում. «Ես ոչ մի սաբոտաժի տարր չեմ տեսնում, և սաբոտաժ չի կարող լինել»:
Իսկ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիային՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Երևանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ արդեն տվել է իր գնահատականը.
«Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակաշառքների, ընտրակեղծիքների միջոցով միջոցով», – ասաց ՀՀ վարչապետը: Հարցին`նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին հաջողվե՞ց տնտեսությունը հանել ծանր վիճակից, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե քանի դեռ մենաշնորհները հաղթահարված չեն, տնտեսության դրական փոփոխության մասին չենք կարող խոսել:
Նա նաև հավելեց՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու աշխատանքները սկսվել են: Դիտարկմանը` փոփոխությունների հիմքում ընկած է լինելու՞ ռեյտինգայի ընտրակարգի վերացումը, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ միայն, քաղաքական քննարկումների արդյունքում որոշում կկայացնենք»: