Ապարանցի Պավլիկը փողոց փակելու կոչ արեց. դատարանում թեժ իրավիճակ է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը:
Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի պաշտպանները հերթով միջնորդում են իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու մասին:
Պավլիկ Մանուկյանը հանդես եկավ կոչով: Նա հանրությանը կոչ արեց՝ փողոց փակել և հանրային ճնշում գործադրել դատավոր Մեսրոպ Մակյանի վրա, որպեսզի նա կարողանա արդար վճիռ կայացնել:
«Ես գրավ չեմ կարող մուծել, որ ազատության մեջ լինեմ, քանի որ կատարելով պարտքս ժողովրդիս առաջ՝ պարտքով եմ ապրում: Ինձնից առաջ պետք է ազատության մեջ լինեն Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը»,-նշեց Պավլիկ Մանուկյանը:
Նշենք, որ Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ:
Դատավորը նշեց, որ կարող էր Պավլիկ Մանուկյանի նկատմամբ սանկցիա կիրառել, քանի որ նա փողոց փակելու կոչ է անում, սակայն դա չի անի:
Դատական նիստը շարունակվում է լարված պայմաններում: