Եթե ՀՀԿ-ն դառնա նորմալ ընդդիմություն, շատ ողջունելի կլինի

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանն ասում է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն ազատ ու արդար, իսկ քաղաքական ուժերը պետք է նորմալ ծրագրեր ներկայացնեն, որոնց ծանոթանալով՝ ժողովուրդը իր քվեն կտա: «Միայն այս դեպքում կհասկանանք, թե հասարակության մեջ ինչ արտացոլանք կա քաղաքական ուղղվածությունների վերաբերյալ, եթե ժողովուրը կորոշի, որ մնանք օրինակ՝ ԵՏՄ-ում, ցանկացած վարչապետի պարտականությունն է ենթարկվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Վերջինս նշեց, որ ընտրություններին նոր ուժեր առաջ կգան: «ՀՀԿ-ն ևս այսպես չի գնա ընտրությունների, նորացված ՀՀԿ-ականների ավելի փոքր խումբ կգնա ընտրությունների, որովհետև ակնհայտ է, որ բացառվում է, որ ՀՀԿ-ն 58 տեղ կունենա խորհրդարանում, մի մասը կարող է մտնել այս գործող կուսակցությունների մեջ, մի մասը կարող է արթնացնել այսօր քնած կուսակցությունները:
Եթե ՀՀԿ-ն դառնա նորմալ ընդդիմություն և այդ տեսանկյունից քննադատի ու ուղղորդի, շատ ողջունելի կլինի, որովհետև ցանկացած իշխանություն հակված է փչանալու»,-կարծում է նա:
Արա Պապյանի համոզմամբ՝ իշխանությունը նաև շահագրգռված է ՀՅԴ-ին տանել իր հետ, քանի որ նրանց անդամներն են ամենաակտիվը սփյուռքում, թեկուզ հիմա դա էլ է պակասում: